Saturday, June 19, 2010

Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնն է

Aysor.am. 19-6-2010- Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց ամենամեծ սրբի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Այս մասին հայտնում է Արարատյան թեմի տեղեկատվական համակարգը: Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում եւ ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասը իբրեւ սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում պահվող Լուսավորչի Սբ. Աջը Հայ եկեղեցու կարեւորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը: Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշվում է Հոգեգալստից հետո, չորրորդ շաբաթ օրը: Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Տոնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք: Տոնն ունի նաև իր նախատոնակը:

No comments: