Thursday, June 17, 2010

Հայաստանը Ղրղըզստան զորք չի ուղարկի

Tert.am, 17.06.10: ՀԱՊԿ–ը Ղրղըզստանին օգնություն առաջարկել է քաղաքական և հումանիտար աջակցության տեսքով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱՊԿ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Նվեր Թորոսյանը, միաժամանակ, նշելով, որ ՀԱՊԿ–ը չէր կարող անտարբեր մնալ իր անդամ երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Թորոսյանի տեղեկացմամբ՝ հունիսի 14–ին հրավիրված ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների արտահերթ նիստում մշակվել են Ղրղըզստանին օգնություն տրամադրելու հավաքական միջոցներ։ Ըստ այդմ՝ որոշվել էր, որ ՀԱՊԿ–ը հումանիտար և քաղաքական աջակցություն կցուցաբերի, Թորոսյանի խոսքով, կաջակցի Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությանը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, Նվեր Թորոսյանը նշեց, որ Հայաստանի աջակցությունը Ղրղըզստանին կրկին իրականացվում է ՀԱՊԿ մանդատի շրջանակներում՝ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն։ Սակայն նա չնշեց, թե օգնության կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը։ Մեր հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ ՀԱՊԿ–ը Ղրղըզստան զորախումբ է մտցնելու, Նվեր Թորոսյանը պատասխանեց, որ առաջիկայում ՀԱՊԿ անդամ որևէ երկրից Ղրղըզստան զորախումբ չի գնա։ «Կարծում եմ,՝ գործը չի հասնի զորախումբ ուղարկելուն, որովհետև, ինչպես արդեն նշեցի, Ղրղըզստանում կան իրավիճակի նորմալացման միտումներ»։

No comments: