Tuesday, June 22, 2010

Արդեն ուրվագծվում են հակահայ նոր գաղափարախոսության բանաձևերը. Սերժ Սարգսյան

Tert.am. 22-6-2010- «Գերմանիայում բնակվում է թուրքական մեծ համայնք, և կարծում եմ ‘ ադրբեջանցիներն էլ կամաց-կամաց ստվարանում են, և այս առումով, իհարկե, խնդիներ առաջանալու են, որովհետև և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում պետական մակարդակի է հասել հայատյացության կառուցումը, և ընդ որում ոչ միայն Հայաստանի հետ հարաբերություններում, այլ ընդհանրապես հայերի հետ հարաբերություններում»,– այս մասին, ինչպես հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Գերմանիայից, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է Գերմանիայի հայ համայնքի հետ Բեռլինի «Ադլոն» հյուրանոցում տեղի ունեցած հանդիպմանը։ «Հայի և հայկականության բոլոր դրսևորումների նկատմամբ այսօր տեսնում ենք անհանդուրժողականության հզոր ալիք Ադրբեջանի հասարակության մեջ: Ադրբեջանական լրատվամիջոցները փորփրում են Եվրոպայի, Ռուսաստանի և Ամերիկայի բոլոր պաշտոնյաների ծագումնաբանությունը ստուգելու համար ‘ արդյո՞ք նրանցից յուրաքանչյուրի նախատատի կամ նախապապի մեջ չկա հայկական արյուն: Այս բոլորը ծիծաղելի կլիներ, եթե վտանգավոր չլիներ: Ավելին, արդեն ուրվագծվում են հակահայ նոր գաղափարախոսության բանաձևերը, ըստ որոնց, ամեն ինչում հայերն են մեղավոր»,– ընդգծել է նախագահը: Ըստ նրա, հակահայկականության այդ հզոր ալիքին հակազդելը ողջ հայության, մասնավորապես, Եվրոպայի հայության առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներից մեկն է: «Սկզբում ոչ մի հայ, բնականաբար, լուրջ չէր վերաբերվում այս ամենին’ վստահ լինելով, որ ստի ոտքերը կարճ են, բայց այդ սուտն այսօր հասնում է ահագնացող չափերի և ֆինանսավորվում է միլիոնավոր դոլաներով: Այս հակահայկական և հակամարդկային այլանդակություններին հակազդելը, արժանի հակահարված հասցնելը ժամանակակից հայության և մասնավորապես եվրոպահայության կարևոր մարտահրավերներից է»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով’ Եվրոպայում և հատկապես Գերմանիայում «մեր խնդիրն է ամրապնդել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և պարզապես հայ մարդու մասին իրական պատկերացումները»: «Մենք, ի տարբերություն ոմանց, ստելու կարիք չունենք: Ճշմարտությունը մեր դաշնակիցն է: Սա նշանակում է, որ իրականությունը հնարավորինս ամբողջական ներկայացնելը բխում է մեր շահերից»,– հավելեց Սերժ Սարգսյանը:

No comments: