Tuesday, June 22, 2010

ՍԵՄՆԵԲԻԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ

«Լրագիր» 22-6-2010- Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Մարտակերտի շրջանում տեղի ունեցածը «ցավալի միջադեպ» որակելով` ասել է, թե միջադեպը վկայում է, որ շփման գոտում «իրավիճակը լարված է եւ հեշտությամբ կարող է դուրս գալ վերահսկողությունից»: Դիտարկմանը, թե ադրբեջանական հարձակումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուգում Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպումիցանմիջապես հետո, իսկ Հայաստանի արտգործնախարարը «սադրիչ գործողություն» է որակել տեղի ունեցածը, Սեմնեբին գերադասել է արձագանքել առանց գնահատականներ տալու` շեշտելով, թե չի ցանկանում պատճառների մասին խոսել, քանի դեռ «տեղեկությունները երկրորդ աղբյուրից են ստացված»: Էդվարդ Նալբանդյանի գնահատականի վերաբերյալ եվրոպացի պաշտոնյան ասել է, թե «բառերի ուշադիր ընտրությունը ակնհայտորեն օգտակար կլինի բանակցությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու առումով»: Փիթեր Սեմնեբին ափսոսանք է հայտնել, որ հայ-թուրքական գործընթացը սառեցվել է` միաժամանակ հույս հայտնելով, որ երկու երկրների խորհրդարանները կվավերացնեն արձանագրությունները, ինչը համար «համապատասխան մթնոլորտ» է պետք, ինչը, իր հերթին, պայմանավորված է մի շարք գործոններով (այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով): Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղը, «իհարկե, առանձին խնդիրներ են», եւ դրանցից յուրաքանչյուրն իր «ուրույն ճանապարհն ունի», բայց պետք չէ անտեսել, որ գործընթացներից յուրաքանչյուրը «որոշակի ազդեցություն ունի ընդհանուր մթնոլորտի վրա եւ անուղղակի ազդեցություն` մեկը մյուսի վրա»: Այս ամիս ավելի վաղ, Եվրամիության արտգործնախարար Քեթրին Աշթոնը առաջարկել էր վերացնել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում կազմակերպության հատուկ ներկայացուցիչների պաշտոնները: Այս առնչությամբ Սեմնեբին գերադասեց մեկնաբանություններ չտալ, տեղեկացնում է Ազատությունը:

No comments: