Tuesday, June 22, 2010

Մադրիդյան սկզբունքները փոփոխվե՞լ են

Ա1+. 21-6-2010- «Փոքրոգություն: Երկրի ղեկավարին ոչ վայել պահվածք»,- ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր այսպես գնահատեց հունիսի 18-ին Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինների հարձակումը Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ: Նրա կարծիքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ճիշտ կաներ, ընդհանրապես չներկայանար Սանկտ-Պետերբուրգում ՌԴ նախագահ Մեդվեդեւի կազմակերպած եռակողմ հանդիպմանը. «Եկավ, հետո փախավ` մուր շպրտելով գործընթացին»: Ռազմիկ Զոհրաբյանը գտնում է, որ այս հարձակումը ադրբեջանական կողմը նախատեսել էր դեռեւս մի քանի ամիս առաջ, երբ սկսել է հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից եւ պահանջել բանակցությունները շարունակել նորացված սկզբունքներով: «Ալիեւը Սանկտ Պետերբուրգից շտապ հեռացավ, որպեսզի չհասցնի բացատրություններ տալ իր կազմակերպած հարձակման համար: Ես կարծում եմ, որ տեղի ունեցածի վերաբերյալ առաջին հերթին կոշտ հայտարարություն պետք է անի նաեւ ՌԴ նախագահը, քանի որ այդ հարձակումը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո: Մինսկի խմբի համանախագահներն էլ պետք է կոշտ հայտարարություն անեն եւ ճնշումներ գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի նա բանակցությունները շարունակի Մադրիդյան սկզբունքների հիման վրա»,- ասում է նա Ռազմիկ Զոհրաբյանը նաեւ կարծում է, որ Ադրբեջանի հարձակումը հայկական տարածքների վրա` մեծ եղբոր` Թուրքիայի պատվերն էր, սակայն պատերազմի վերսկսումը բացառում է. «Մեկ ակտով պատերազմ չի սկսվի, Ադրբեջանի թույլ չեն տան: Բայց, եթե այս տարածաշրջանում պատերազմ սկսվի, ապա հաշվեք, որ Երրորդ համաշխարհային պատերազմն է սկսվելու»: «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի ունեցած տեղեկություններով` այս հարձակմամբ Ադրբեջանն իր դժգոհություն է հայտնել բանակցային սեղանի վրա դրված Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, որոնք Սանկտ Պետերբուրգում փոփոխության են ենթարկվել. «Ես բազմից ես ասել, որ Մադրիդյան սկզբունքները որեւէ կերպ հաղթանակ չեն ապահովում ոչ հայկական եւ ոչ էլ արբեջանական կողմի համար: Դրանք անորոշության մեջ են թողնում ԼՂ -ի ապագան: Այս հանդիպման ընթացքում կարծում եմ, որ Ադրբեջանի համար անորոշություններն ավելացել են, իսկ հայկական կողմի համար մնացել են նույնը»: Ստեփան Սաֆարյանը չի բացառում պատերազմի վերսկսումը եւ նրա կարծիքով այս հարձակմամբ Ադրբեջանը ստուգում էր միջազգային հանրության եւ հայկական կողմերի վերաբերմունքը: Նա հարկ համարեց հիշեցնել, որ մինչեւ վրաց-ռուսական պատերազմը, վրացական կողմը մի քանի օպերացիաններով ստուգեց ռուսական կողմի ռեակցիան: Սաֆարյանը չի ակնկալում, թե միջազգային խստորեն կդատապարտի Ադրբեջանի հարձակումը: Նրա կարծիքով էներգետիկ ոլորտում միջազգային հանրությունը լուրջ ակնկալիքներ ունի Ադրբեջանից եւ իր գնահատականներում կոշտ չի լինի: «Հայկական կողմը շատ լուրջ պետք է դնի Ադրբեջանին այս դեպքերի հետ կապված պատասխանատվության կանչելու հարցը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

No comments: