Tuesday, June 22, 2010

ԻՍՐԱՅԵԼՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ՄԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

«ԱԶԳ» , 22-06-2010- Իսրայելի հետ առաջացած ճգնաժամից հետո Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «դեմ» էր քվեարկել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների խստացման բանաձեւին: Այս ամենը պատճառ էր դարձել, որ սրվեն առանց այդ էլ լուրջ խնդիրների առջեւ կանգնած թուրք-ամերիկյան հարաբերությունները: Դրանց բարելավման հրամայականով Անկարան Վաշինգտոն էր գործուղել մի պատվիրակությունՙ վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքի գլխավորությամբ, որը կուսակցության արտաքին հարաբերությունների գծով պատասխանատուն է: Հունիսի 19-ին, ինչպես հաջորդ օրվա համարում վկայում է «Զաման» թերթը, Օմեր Չելիքը մամուլի ասուլիս է տվել Վաշինգտոնում, որտեղ ասել է. «Մեր այն գործընկերներին, որոնք Թուրքիա-ԱՄՆ ճգնաժամից են խոսում, բացատրել ենք, որ երկու երկրների միջեւ որեւէ ճգնաժամ չկա, պարզապես նրանք տարբեր մոտեցումներ են ցուցաբերում որոշակի հարցերին»: Այն խոսակցությունների առնչությամբ, թե ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդունեց Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների միության ներկայացուցիչներին, իսկ պատվիրակությանըՙ ոչ, Չելիքը նշել է, որ իրենք հանդիպում չեն խնդրել պետքարտուղարից: Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ հարցին ի պատասխան Օմեր Չելիքն ասել է. «Իսրայելի նկատմամբ Թուրքիայի որդեգրած իրավացի դիրքորոշումը պետք է աջակցություն գտնի: Մինչդեռ դրա փոխարեն Թուրքիային քննադատում են, նրա առջեւ են դնում վերջին իրադարձությունների հետ որեւէ առնչություն չունեցող քրդական, հայկական խնդիրները: Այս մոտեցումն անհամատեղելի է բարեկամության հետ, որովհետեւ բարեկամները միմյանց շանտաժի չեն ենթարկում»: Այնուհետեւ նա ասել է, որ փորձ է արվում Իսրայելի հետ առաջացած խնդիրը պայմանավորել Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման բանաձեւին Թուրքիայի «դեմ» քվեարկությամբ, ապա եւ ավելացրել. «Ելնելով այս պայմանավորումից, Իսրայելը ձգտում է արգելափակել թուրք-ամերիկյան հարաբերությունները, մեր ամերիկացի գործընկերները թուրք-ամերիկյան հարաբերությունների արգելափակման հարցում պետք է խոչընդոտեն Իսրայելի գործունեությանը եւ թույլ չտան, որ խրախուսվի իսրայելական ագրեսիվ դիրքորոշումը»: Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: