Tuesday, June 22, 2010

«Դավութօղլուի մրցանակը աճուրդ էր»

Ա1+ . 21-6-2010- Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին Վաշինգտոնի Վուդրո Վիլսոն հետազոտական կենտրոնի մրցանակին արժանացնելը արեւելագետ, դիվանագետ Արա Պապյանը գնահատում է հարված ԱՄՆ ամենաարդարամիտ նախագահի անունը կրող վերլուծական կենտրոնի վարկին: «Վուդրո Վիլսոն կենտրոնը ոտնահարեց նախագահ Վիլսոնի ժառանգությունն ու ամերիկյան արժանապատվությունը»,- «Ա1+»-ին ասաց Արա Պապյանը: Հիշեցնենք, որ Վուդրո Վիլսոնը առաջին էր պետությունների ղեկավարներից, որը աչք չփակեց 1915թ. Հայոց ցեղասպանության վրա: «Նրանք (թուրքերը) ի հայտ բերեցին բանականության կատարյալ բացակայություն և Արևմուտքի լիակատար թյուրըմբռնում: Նրանք երևակայում էին, որ Փարիզի խաղաղության վեհաժողովը պատմություն չգիտի և պատրաստ է կուլ տալու իրենց հրեշավոր կեղծիքները», -1919թ. հունիսի 26-ին Փարիզում ասված Վիլսոնի խոսքերը հիշեցրեց Արա Պապյանը: Պապյանը կարծիքով մրցանակ շնորհելով Դավութօղլուին` Վիլսոն կենտրոնն ընդունեց, որ պարզապես աճուրդով վաճառել է մրցանակը. «Կամ ինչպես իրենք էին փաթեթավորել գեղեցիկ բառերով` մրցանակի հանձնումը մաս է կազմում իրենց դրամահավաքի ջանքերին»: Ի դեպ,ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը առաջինն էր պետության ղեկավարներից, ով համաշխարհային մակարդակով բարձրացրեց ժողովուրդների ինքնորոշման հարցը: «Ինչպե՞ս կարելի է մրցանակ տալ մի երկրի արտգործնախարարին, որն արդեն տասնամյակներ արյան մեջ խեղդում է քրդերի ինքնորոշման իրավունքը: Թուրքիան տրորելով քրդերի ինքնորոշման իրավունքը` ոտնահարում է Վիլսոնի քաղաքական ժառանգությունը: Ցավոք, Վուդրո Վիլսոնի ժառանգության և ամերիկյան արժանապատվության ոտնահարման գործին մասնակից դարձավ նաև Միացյալ Նահանգների արդարամիտ նախագահ Վուդրո Վիլսոնի անունը կրող վերլուծական կենտրոնը»,- ասաց Արա Պապյանը: Հիշեցնենք, որ այս պահին դիվանագետ, արեւելագետ Արա Պապյանը գտնվում է Կանադայում եւ գիտական գործունեություն է ծավալում:

No comments: