Monday, June 21, 2010

Ադրբեջանը ձևացնում է, թե ընդունում է Մադրիդյան փաստաթուղթը

Aysor.am. 21-6-2010- ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Նեզավիսիմայա գազետայի» թղթակից Յուրի Սիմոնյանին տված հարցազրույցում կասկած է արտահայտել, թե Ադրբեջանն ընդունում է Մադրիդյան փաստաթուղթը` ընդգծելով, որ այդ երկիրն այսօրվա դրությամբ հերքում է փաստաթղթում ամրագրված սկզբունքների մեծ մասը: Հարցին, թե «ինչ զիջումների» կարող է գնալ Հայաստանը ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացում, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ խոսքը ոչ թե «զիջումների», այլ «փոխզիջումների» մասին է: «Ինչպես հայտնի է, այսօր բանակցային գործընթացն ընթանում է 2007 թ.-ին Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված Մադրիդյան փաստաթղթի շուրջ: Հայաստանն ընդունել է այդ փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք ավելին, քան երկու տարի առաջ: Ադրբեջանն ընդհանրապես հերքում էր այդ փաստաթղթի` Մադրիդյան սկզբունքների առկայությունը, իսկ հիմա, երկու տարի անց, փորձում է ձևացնել, թե ինչ որ բան ընդունում է: Ի՞նչ է ընդունում Ադրբեջանը», - հարցրել է Է.Նալբանդյանը և ընդգծել, որ ԼՂ հակամարտության հանգուցային հարցը, ինչպես նաև բանակցային գործընթացի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այդ մասին են վկայում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների անցած տարվա հուլիսին Լ’Ակվիալյում Մադրիդյան սկզբունքների շուրջ արված հայտարարությունները, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իրավաբանորեն պարտադրող ազատ կամքի արտահայտման հիման վրա: «Հայտարարելով Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարությամբ ԼՂ կարգավիճակն ընդունելու պատրաստակամության մասին` այդ երկրի ղեկավարները փորձում են կանխորոշել կամքի արտահայտման ելքը, դրանով իսկ, ըստ էության, հերքելով ինքնորոշման սկզբունքը», - ասել է Է.Նալբանդյանն` ընդգծելով, որ այդ սկզբունքը Մադրիդյան առաջարկների երեք հիմնական սկզբունքներից մեկն է, որը ևս մեկ անգամ հաստատվել է ԵԱՀԿ 56 անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների կողմից 2009 թ.-ին Աթենքում: «Ադրբեջանը կոպտորեն հերքում է, այո, և խախտում է նաև վերոնշյալ սկզբունքներից երկրորդը` ուժի չկիրառման սկզբունքը: Ադրբեջանը հրաժարվում է համաձայնագիր կնքել այդ սկզբունքի պահպանման համար, հրաժարվում է ԵԱՀԿ առաջարկություններից` հրադադարի ամրագրմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու, դիպուկահարներին հետ քաշելու վերաբերյալ», - հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը` հիշեցնելով, որ Մայնդորֆյան հռչակագրի ընդունումից հետո Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, թե փաստաթղթով ամրագրված` խաղաղ միջոցներով հակամարտության լուծման մասին սկզբունքը չի նշանակում ուժի չկիրառման պարտավորություն: Անդրադառնալով ուժ կիրառելու մասին Բաքվից հնչող սպառնալիքներին` Էդվարդ Նալբանդյանը կարծիք է արտահայտել, որ Ադրբեջանը դա անում է բանակցային գործընթացը տապալելու համար: «Երևի թե, նրանք դա անում են , որպեսզի տապալեն բանակցությունները: Ադրբեջանը կառչում է միայն մեկ սկզբունքից` տարածքային ամբողջականության, այն էլ ինքնատիպ մեկնաբանմամբ: Դժվար է որևէ մեկին համոզել, որ դու ընդունում ես Մադրիդյան փաստաթուղթը` հերքելով սկզբունքների մեծամասնությունը», - հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը: Ռուսաստանյան պարբերականին տված հարցազրույցում Էդվարդ Նալբանդյանը նաև ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԼՂ հակամարտության հանգուցալուծումն անհնարին է առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, առավել ևս, որ դա ամրագրված է հակամարտության կարգավորման Մինսկի խորհրդաժողովի մանդատով: «Հենց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի ԼՂ կարգավիճակը: Դա է հակամարտության հանգուցալուծման առանցքային քարը», - ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

No comments: