Tuesday, June 22, 2010

Ադրբեջանցիներն ընդդեմ ռուսական եկեղեցու

Ա1+ . 21-6-2010- Մերձկասպյան եւ Բաքվի եպիսկոպոսն ու Ադրբեջանի «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող հասարակական կազմակերպությունը այսօր բողոքի նոտա են հղել Մոսկվայի Պատրիարքարան: Նրանց դժգոհության առիթը Ստեփանակերտում ռուսական ուղղափառ եկեղեցու կառուցումն է: Սուրբ Աստվածամոր Ծածկոց տաճարի հիմնարկեքի եւ խաչի կանգնեցման հանդիսավոր արարողությանը տեղի է ունեցել հունիսի 18-ին: Ըստ ԼՂՀ արտգործնախարարության, հիմնարկեքի արարողությունը կատարել է Մոսկվայի Պատրիարքարանի ներկայացուցիչ Հայր Ալեքսանդրը: Արարողությանը մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը: Մերձկասպյան և Բաքվի եպիսկոպոսն անձամբ է զանգահարել Մոսկվայի Պատրիարքարան եւ հայտնել իր դժգոհությունը: Ըստ նրա, ցանկացած կրոնական շինության կառուցումը Ադրբեջանի տարածքում հնարավոր է միայն Ադրբեջանի թույլտվությամբ: «Լինի դա քրիստոնեական, թե կաթոլիկ եկեղեցի կամ մահմեդական մզկիթ, միեւնույնն է` եթե դա կառուցվում է Ղարաբաղի տարածքում` հարկավոր է դրա համար ունենալ Ադրբեջանի թույլտվությունը»,-ասել է Բաքվի ներկայացուցիչ հոգեւորականը: Նշենք, որ եկեղեցին գտնվելու է Ստեփանակերտի Թումանյան պողոտայում: Ներկայում դրա տեղում կանգնեցված է փայտե խաչ:

No comments: