Tuesday, June 22, 2010

ԱԼԻԵՎԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է

«Լրագիր» 21-6-2010- Ադրբեջանի զլմ-ները կապ են նկատել ղարաբաղյան ճակատում դիվերսիայի ու Ադրբեջանի ներքին վիճակի միջեւ: Հենց դիվերսիայի օրը` հունիսի 18-ին խորհրդարանն ընդունել է օրենք, ըստ որի Սահմանադրական դատարանը պատերազմի ժամանակ իրավունք ունի հետաձգել ընտրությունները: Լրագրողներն Ադրբեջանում գտնում են, որ Ալիեւն իր համար նահանջի ճանապարհ է պատրաստում: Իսկ նա, թվում է, ստիպված է նահանջել: Մի կողմից, նրան սպառնում է հասարակության դժգոհությունը ղարաբաղյան կարգավորման կապակցությամբ: Ըստ ամենայնի, բանակցային գործընթացը հասել է մի կետի, երբ Ալիեւից պահանջվում է վերջնական այո Ղարաբաղը ճանաչելու հարցում: Ալիեւը, որ արդեն 8 տարի իր երկրում ծավալել է հակահայկական հիստերիա, չի կարող կամավոր համաձայնել դրան: Հնարավոր է, հենց դրա հետ է կապված սադրանքները ճակատում` “հարավօսական սցենարի” հաշվարկով: Մյուս կողմից, Ալիեւը դեռ այն ակսակալը չէ, ինչպես իր հայրը, եւ չի կարող իրեն թույլ տալ այն, ինչ իր հայրը: Ալիեւին գրած իր վերջին նամակում ԱՄՆ նախագահ Օբաման հատկապես ընդգծել էր, որ իրեն բախտ էր վիճակվել աշխատել նրա հոր հետ, կարծես ակնարկելով, թե հայրն ավելի հասկացող էր: Իսկ այն, որ Ղարաբաղը կորսված է, Հեյդար Ալիեւը բազմիցս է խոստովանել: Այնպես որ, Իլհամ Ալիեւը դարձել է իր քարոզչության պատանդն ու զոհը, եւ հիմա վախենում է ընկնել նացիոնալիզմի սրից: Կա եւս մեկ հանգամանք` “գրողի տարած” դեմոկրատիան: Երեկ Բաքվում ոստիկանությունը ցրել է ընդդիմության ակցիան: Ձերբակալվել է Ժողովրդական ճակատ կուսակցության 80 ակտիվիստ, որոնք բողոքում էին հավաքների ազատության սահմանափակման դեմ: իսկ մեկ շաբաթ առաջ էլ ոստիկանությունը ցրել է մեկ այլ ընդդիմադիր` մուսավաթ կուսակցության եւ Միություն հանուն դեմոկրատիայի դաշինքի ցույցը: Իդեալական իրավիճակ ոչ մեծ պատերազմի համար: Կարելի է միանգամից լուծել բոլոր հարցերը. Ներխուժել Ղարաբաղ, նահանջել հայերի ճնշման տակ, հայտարարել, որ փորձեցին ազատագրել Ղարաբաղը, “սակայն ռուսներն օգնում են հայերին”, հայտարարել ռազմական դրություն եւ իշխել ինչքան սիրտը տա: Հիշեցնենք, որ Ադրբեջանում ներքաղաքական իրադարձություններում ռազմական գործողություններն օգտագործելու պրակտիկան բավական հարուստ է: Օրինակ, Շուշիի իրադարձություններից հետո, 1992 թ. Մութալիբովը հեռացվեց իշխանությունից: Եւ եթե նրան հեռացնելու համար ժողովրդական ճակատն օգտագործեց Խոջալուի ողբերգությունն ու Շուշին, ապա Էլչիբեյին գահընկեց անելու համար խորհրդային կոմունիստական նոմենկլատուրան, համախմբվելով Ալիեւի շուրջ, օգտագործեց Քելբաջարը: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: