Friday, June 18, 2010

ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԷ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Սպառնալիքը տարածաշրջանում լարվածությունը հետեւողականորեն սրելու ամերիկյան քաղաքականությունն է «ԱԶԳ», 18-06-2010- Հունիսի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումն էլ ավելի խստացրեց Իրանի նկատմամբ միջուկային ծրագրի առնչությամբ կիրառվող պատժամիջոցները: Իսրայելի հետ առաջացած սուր հակասությունների ֆոնին Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներից Թուրքիան դեմ էր քվեարկել որոշմանը: Ռուսաստանը նախապես համաձայնել էր որոշմանը, Չինաստանը չէր համաձայնում, բայց համոզել էին, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատժամիջոցների խստացման փոխարեն նախընտրում էր միջուկային ծրագրի հարցը լուծել իրանական կողմի հետ բանակցությունների միջոցով, սակայն տեղի է տվել պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հորդորներին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների խստացման որոշումն ընդունվել է այն պատճառաբանությամբ, թե Իրանի միջուկային ծրագիրը նպատակամղված է ատոմային ռումբի ստեղծմանը: Պատժամիջոցները վերաբերում են Իրանի տնտեսության եւ ռազմարդյունաբերության ոլորտներին: Մասնավորապես, Թեհրանը զրկվում է արտերկրում միջուկային ճյուղի ձեռնարկություններին ֆինանսավորելու հնարավորությունից, ինչպես նաեւ արգելվում է տանկերի, զրահամեքենաների, ռազմական ինքնաթիռների, ուղղաթիռների, ռազմանավերի, հրթիռների եւ հրթիռակայանքների մատակարարումը Իրանին: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իսկույն արձագանքել եւ դատապարտել էր որոշումըՙ անվանելով դա աղբարկղ նետելու ենթակա անձեռոցիկ: Հարցը սակայն Անվտանգության խորհրդի որոշման դատապարտումը չէ, այլ տարածաշրջանում լարվածությունը հետեւողականորեն սրելու ամերիկյան միտումների պարբերաբար զարգացումն ու տարածաշրջանի քաղաքական կյանքում անկայունության վերածումը մշտական գործոնի: Մինչդեռ նախագահ Օբաման պաշտոնակալման տպավորիչ ելույթում, ապա նաեւ իսլամական աշխարհին Կահիրեից հղած հուսադրող ուղերձում խոստացել էր Մերձավոր եւ Միջին Արեւելքում թուլացնել լարվածությունը: Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը միանգամայն հակասում է տարածաշրջանի լարվածությունը թուլացնելու տրամաբանությանը: Սակայն պաշտոնական Վաշինգտոնն էլ առաջնորդվում է Իսրայելի շահերին տուրք տալու տրամադրությամբ: Ընդ որումՙ Աֆղանստանի եւ Իրաքի դեմ սանձազերծված պատերազմները կատարյալ մղձավանջի են վերածվել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար: Ժողովրդավարության հաստատումը դեռ մի կողմ, դրանք ընդամենը ողբերգություն են պատճառել աֆղանական եւ Իրաքի ժողովուրդներին: Մթագնել է այս երկրների ապագան, որը մնում է անկանխատեսելիՙ նույնիսկ օկուպանտների համար: Ավելին, Աֆղանստանի եւ Իրաքի դեմ պատերազմներում ԱՄՆ-ի ձախողումը, ինչպես նաեւ իսլամական աշխարհում հակաամերիկյան տրամադրությունների ծավալումը լուրջ նախադրյալներ են ստեղծել, որ Ռուսաստանը վերականգնի իր երբեմնի դիրքերը ռուսական գերազդեցության տարածքներում եւ որպես գերտերություն, վերստին դրսեւորվի: Հատկապես այն դեպքում, երբ լուրջ ճեղքվածք են տվել գունավոր հեղափոխությունները Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղզստանում, հունվարին Ղազախստանի եւ Բելառուսի հետ Ռուսաստանը ստորագրել է մաքսային միության պայմանագիր, նույն ամսին Ուկրաինայում իշխանության են եկել ռուսամետ ուժերը, եւ նույնը արդեն Ղրղզստանում է կատարվում: Ռուսաստանի ոչ սահմանակից Ղրղզստանում ռուսական դիրքերի վերականգնումը չափազանց կարեւոր է Մոսկվայի համար թե՛ որպես գերտերություն դրսեւորվելու, թե՛ որպես Միջին Ասիայում վերահսկողություն հաստատելու առումներով: Ինչ վերաբերում է էներգակիրներին, ապա դրանք էլ կարեւորվում են Արեւելյան Եվրոպայում ռուսական ազդեցության տարածման համար: Համենայն դեպս, Ռուսաստանն այդ էներգակիրները, ինչպես Ուկրաինայի եւ Լիտվայի պարագայում, որպես ազդեցության լծակ արդեն օգտագործել է, քանի որ դրանից միաժամանակ տուժել են Արեւելյան Եվրոպայի երկրները, ուստի նա դրանով սրել է նաեւ այս երկրների հարաբերությունները: Այլ կերպ, Ռուսաստանն այս երկրներին հակադրել է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Լիտվայի դեմ: Այս ամենը լուրջ ազդակ է, որ ԱՄՆ-ը վերանայի Մերձավոր եւ Միջին Արեւելքում լարվածությունը հետեւողականորեն սրելու քաղաքականությունը: Թերեւս դրա ամենաարդյունավետ միջոցը Իրանի նկատմամբ որդեգրած քաղաքականության վերանայումն է, ինչպես նաեւ իսլամական այս հանրապետությանը որպես սպառնալիք ընկալելու դիրքորոշումից հրաժարվելը: Եթե Իրանը միջուկային զենք ունենալու մտադրություն ունենար, կարող էր առանց ստեղծելու, ատոմային մարտագլխիկ ձեռք բերել: Հետեւաբար տարածաշրջանի համար սպառնալիքը Իրանի միջուկային զենք ստեղծելու ենթադրյալ մտադրությունները չեն, այլ Հնդկական օվկիանոսում նավարկող ամերիկյան միջուկային զենքով հագեցած նավատորմն է, ինչպես նաեւ Եգիպտոսի թույլտվությամբ Սուեզի ջրանցքից Պարսից ծոց շարժվել պատրաստվող իսրայելական սուզանավերը, որոնք նույնպես բեռնված են միջուկային զենքով: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: