Saturday, June 19, 2010

Ռուս փորձագետ. Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը ցուցադրական բնույթ է կրում

News.am. 18-6-2010- Որքան էլ հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, ղարաբաղյան կարգավորման մեջ առաջընթացի հասնել չեն կարող: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները շարունակում են ցուցադրական բնույթ կրել եւ կարող են շարունակվել տասնամյակներով: «Առաջընթացի ձեռքբերման համար անհրաժեշտ է երրորդ կողմի՝ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Սակայն Ադրբեջանը կտրականապես հանդես է գալիս իրադարձությունների նման զարգացման դեմ: Հայաստանի կամ Ադրբեջանի նախագահների ցանկացած զիջում կարող է նրանց քաղաքական ձախողման հանգեցնել: Դա հրաշալի հասկանում են թե՛ նախագահները, թե՛ միջնորդները»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, փորձագետի կարծիքով, փոխվում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի բուն ընկալման հարցում: «Ղարաբաղյան շարժումը սկզբնապես սկսվեց նրանից, որ ստեղծվի միացյալ պետություն Հայաստանի հետ, սակայն ներկայումս իրավիճակն այլ է: ԼՂՀ փաստացի կայացած պետություն է, որին աջակցում են ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հայկական լոբբիները»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ներկայումս ադրբեջանական փախստականների վերադարձը իրենց հին բնակավայրեր, ինչպես եւ հայ փախստականների վերադարձը կարող է աղետի հանգեցնել: «Եվրոպայի դիրքորոշումը փախստականների հարցում ի սկզբանե սխալ էր: Բուն Եվրոպայում փախստականների հարցն այլ կերպ է լուծվել, փոխհատուցումների միջոցով՝ հրաշալի հասկանալով, որ նրանց վերադարձը կբերի աղետի»,- ասել է փորձագետը:

No comments: