Saturday, June 19, 2010

Սանկտպետերբուրգյան հանդիպումը փչացրել է Ալիևի տրամադրությունը. Համոզված է քաղաքագետը

Tert.am. 18-6-2010- Այն, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեցին արդեն 6-րդ անգամ, թույլ է տալիս ասելու, որ դա շարունակական գործընթաց է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկմամբ հանդես եկավ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ անդրադառնալով Մեդվեդև-Սարգսյան-Ալիև սանկտպետերբուրգյան հանդիպմանը։ Ըստ նրա, դա ոչ թե եռակողմ, այլ երկու նախագահների հանդիպում է Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի նախաձեռնությամբ։ Քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանը գերտերությունների ճնշման ներքո է գնացել Սանկտ-Պետերբուրգ։ «Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը միայն հայտարարում էր, թե ասելիք չունի, Հայաստանի հետ չի գնա բանակցությունների, մինչև, այսպես կոչված, օկուպացված տարածքներից զորքերը դուրս չբերվեն։ Այդքան կոշտ հայտարարություններից հետո Ալիևի հայտնվելը Սանկտ-Պետերբուրգում տարբեր կերպ կարելի է մեկնաբանել։ Ամենահավանական տարբերակը արտաքին ճնշումներն են, որոնց նպատակը Ալիևին հասկացնել է, որ իրենից բարձր բաներ չանի»,- ընդգծեց նա։ Այն, որ գերտերությունները ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, ըստ Մանասյանի, լավ է և նշանակում է, որ «միջազգային հանրությունը հեշտ չի ընդունում հակամարտությունների խաղաղ կարգավորման վիժեցումը և դրա տեղափոխումը ռազմաշունչ հռետորության դաշտ»։ Իսկ Ալիևի Սանկտ-Պետերբուրգ կատարած այցը, բանախոսի հավաստմամբ, վկայում է այն մասին, որ Ադրբեջանը կոշտ դիրքորոշումից հետ է քաշվում։ Մանասյանը զուգահեռներ է անցկացրել Թուրքիայի և Ադրբեջանի դիվանագիտության միջև և համոզվել՝ երկու երկրներն էլ այսօր նահանջում են։ Քաղաքագետի կարծիքով՝ Ալիևի ընդդիմախոսները Բաքվում նրա «գլխին լափ կլցնեն, նա էլ այլ կերպ կմեկնաբանի Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցածը»։ Անդրադառնալով Ալիևի՝ Սանկտ Պետերբուրգի տնտեսական միջազգային համաժողովին չմասնակցելու լուրերին՝ բանախոսը նկատեց. «Իրականությանը շատ մոտ է այն, որ բանակցություններն այնպես չեն ընթացել, ինչպես ինքն է ուզել։ Ալիևն ուզում է, որպեսզի Հայաստանի վրա ճնշումներ գործադրվեն։ Ըստ Բաքվի՝ ճնշման ենթակա կողմը Հայաստանը պետք է լինի, և այդ փայփայող հույսով էր Ալիևը մեկնել Պետերբուրգ»։ Մանասյանի խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում իրատեսական բանակցությունների փուլ է սկսվել, ինչը փչացրել է Ալիևի տրամադրությունը։ Քաղաքագետը նաև նշեց, որ «մադրիդյան սկզբունքներում» թեև Հայաստանի համար անընդունելի բաներ կան, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի այդ ձևաչափով քննարկումներից. «Եթե հայկական կողմը իր համաձայնությունն է տվել «մադրիդյան սկզբունքներին», դա չի նշանակում, թե այն պետք է պարտադիր ընդունի»։

No comments: