Saturday, June 19, 2010

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՎ ԿՀԱՐՎԱԾԵՆ

«Լրագիր» 18-6-2010- Եթե Թուրքիան, խորացնելով հարաբերությունը Իրանի հետ, շարունակի հակամարտել Իսրայելի հետ, կարող է կորցնել աջակցությունը հայերի ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու հարցում, հայտարարել է ԱՄՆ հանրապետական ազդեցիկ կոնգրեսականներից մեկը` Մայքլ Պենսը: Արեւմտյան երկրները Թուրքիայի հանդեպ սկսել են կիրառել մտրակի ու բլիթի քաղաքականություն: Եվրոպան պարզում է բլիթը. Ինչպես հայտնում է Die Welt-ը, Եվրամիությունը այս տարեվերջին Թուրքիայի հանդեպ կձեռնարկի այնպիսի քայլեր, ինչպիսիք են վիզայի ռեժիմի պարզեցումը եւ անդամակցության բանակցության ակտիվացումը: Ընդ որում, որոշ փորձագետներ շարունակում են մտահոգ դեմքով տրտնջալ, թե Եվրոպան, իբր, ինքն է իրենից հրել Թուրքիային: ԱՄՆ թափահարում է մտրակը, հայտարարելով, թե կարող են ճանաչել հայերի ցեղասպանությունը: Ճիշտ է, ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանն արդեն հայտարարել է, որ ճանաչմանը չեն հետեւի տարածքային պահանջներ Թուրքիային, սակայն, թերեւս հանգստացնելով Թուրքիային: Այդ պատճառով, չի բացառվում, որ ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն ԱՄՆ Թուրքիայի կմոտենան այլ կողմից: Լիովին հավանական է, որ կակտիվանա Ղարաբաղը ճանաչելու թեման: Թուրք-իսրայելյան բախման ամենասկզբում ամերիկացի մի ազդեցիկ պաշտոնյա հիշեցրեց, որ դեռեւս ոչ ոք չի վերացրել 907 ուղղումը, որը սահմանափակում է ռազմական օգնությունն Ադրբեջանին: Հիշեցնենք, որ այդ ուղղումն ընդունվել էր Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ մինչ օրս Ադրբեջանին համարում են ագրեսոր եւ ցանկացած պահի կարող են գործի դնել “ագրեսիան դատապարտելու” մեխանիզմը: Սա թերեւս ավելի ցավոտ հարված կլինի Թուրքիային, քան ցեղասպանության ճանաչումը: Իսկ այն, որ Թուրքիային ցանկանում են ցավոտ հարված հասցնել, գրեթե աներկբա է: Չնայած նույնիսկ բարեկիրթ խոսակցություններին, թե “մենք ինքներս ենք մեղավոր, որ Թուրքիան Արեւմուտքից շրջվեց Արեւելք”: Իրականում բոլորը հասկանում են, որ Թուրքիան չի գնացել Արեւելք, նա հենց այնտեղ էր: Պարզապես Թուրքիան ստիպված էր հրաժարվել Արեւմուտքում էքսպանսիայի իր ծրագրերից: Ավելի ճիշտ` նրան կանգնեցրին այդ ճանապարհին: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: