Saturday, June 19, 2010

ՌԴ Պետդումայի պատգամավոր. Ղարաբաղի վրա հարձակվելը կապված է բանակցային գործընթացի հետ

News.am. 19-6-2010- Ադրբեջանցի զինվորականների ներխուժումը Ղարաբաղ կապված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման բանակցային գործընթացի հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ «Նմանօրինակ գործողությունները հենց այնպես չեն կազմակերպվում։ Հարձակման մասին որոշումն, ամենայն հավանականությամբ, կայացվել է ամենաբարձր մակարդակով»,- ասաց նա։ Զատուլինը նշեց, որ Ադրբեջանը սրման ռազմավարությունն ակտիվորեն օգտագործում է ինչպես քարոզչության դաշտում, այպես էլ դիվանագիտական մակարդակով։ «Այս անգամ նրանք կանգ չառան, եւ լարվածությունը սկսում է շարժվել դեպի ռազմական ոլորտ»,- նշեց նա։ Զատուլինը նաեւ նշեց, որ ադրբեջանական կողմի գործողություններն իր համար լրիվ անսպասելի էին։ Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն՝ հունիսի 18-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատված: Թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ եւ զինամթերք՝ թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր:

No comments: