Thursday, June 10, 2010

Թուրք-իսրայելական լարվածությունից շահելու է Հայաստանը. Սեյմուր Հերշ

Tert.am. 9-6-2010- Եթե Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում առաջ եկած լարվածությունն ավելի սրվի, դրանից շահելու է Հայաստանը: Այս մասին թուրքական Takvim օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի հայտնի լրագրող, Փուլիտցերյան մրցանակի դափնեկիր, The New Yorker պարբերականի անվտանգության և ռազմական հարցերով լրագրող Սեյմուր Հերշը: «Որովհետև Միացյալ Նահանգներում գործող հրեական լոբբիստական կազմակերպություններն աջակցելու են 1915-ի իրադարձությունների ճանաչմանը, նույնիսկ որոշ հարցերում գործելու են համատեղ: Իսկ Հայաստանն էլ այն երկրներից մեկն է, որը չի ցանկանում, որ Թուրքիան զարգանա»,- հայտարարել է Հերշը: Հարցազրույցում ամերիկացի լրագրողն ամղմկահարույց հայտարարություններ է արել Իսրայելի և Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) միջև հարաբերությունների, ինչպես նաև Թուրքիայում Միացյալ Նահանգների գաղտնի ռազմաբազաների առնչությամբ: Նշելով, որ Իսրայելի բոլոր կառավարություններն աջակցել են PKK-ին և այդ կառույցն օգտագործել Թուրքիային թուլացնելու համար, Հերշը հայտարարել է. «Իսրայելը Մերձավոր Արևելքում իր նախկին ուժը վերականգնելու համար մի շարք քայլեր է իրականացնելու: PKK-ից Իսրայելի սպասելիքները շատ մեծ են: Հատկապես Իրաքում քաոսային իրավիճակ ստեղծվելուց հետո PKK-ի կարևորությունն աճեց Իրաքի հյուսիսում: Ներկա պահին PKK-ն ներկայանում է որպես անկառավարելի մի ուժ։ Սակայն երկրները, որոնք չեն ցանկանում Թուրքիայի կայունությունը, օգտագործում են PKK-ին: Իսկ հիմա հերթն Իսրայելինն է: Վերջինս 10 տարի առաջ Մերձավոր Արևելքում շատ հզոր էր: Սակայն իր սխալ քաղաքականության արդյունքում այդ ուժը կորցրեց»: Ամերիկացի լրագրողը հայտարարել է նաև, որ Իսրայելի գաղտնի հետախուզական ծառայությունը` Mossad-ը, շատ ակտիվ կերպով սպառազինություններ է մատակարարում ինչպես PKK-ին, այնպես էլ դրա իրանյան ճյուղը հանդիսացող PJAK-ին (Քրդստանի ազատ կյանք կուսակցություն): «Հատկապես մեծ է PKK-ին ցուցաբերվող ռազմական աջակցությունը: Եթե ուշադրություն դարձնենք, PKK-ի և PJAK-ի օգտագործած զենքերը նույնն են: Զինամթերթը Քենդիլ (Հյուսիսային Իրաքի շրջաններից, որտեղ տեղակայված են PKK-ի ճամբարները) տեղափոխվում էր ուղղաթիռներով: Ժամանակի ընթացքում Իսրայելի կողմից PKK-ին ցուցաբերվող աջակցությունն աճել է: Mossad-ի գործակալները տարբեր երկրներում աշխատում են այդ ուղղությամբ»,- ասել է ամերիկացի լրագրողը` ավելացնելով: «2003թ. Իրաքի օկուպացիայից հետո այդ երկրի հյուսիսային շրջաններ վերադարձան դեռևս 50 տարի առաջ այդ վայրերից հեռացած հրեական ծագումով քրդերը: Նրանցից մի քանիսը ներկա պահին համագործակցում են PKK-ի հետ: Ինչպես գիտեք, Քրդստանի Սահմանադրության հեղինակը հրեական ծագում ունեցող մի քուրդ էր: Ավելի ուշ նա սպանվեց պրոֆեսիոնալ մարդասպանի կողմից: Սակայն իր գործն արել, վերջացրել էր: Այդ սպանությունը մինչև օրս բացահայտված չէ»: Հերշը խոսել է նաև Թուրքիայի տարածքում ամերիկյան գաղտնի ռազմակայանների մասին` ընդգծելով, որ այդ բազաների գտնվելու վայրերի մասին գիտի ինչպես Իսրայելը, այնպես էլ PKK-ն:

No comments: