Thursday, July 8, 2010

Վրաստանի խորհրդարանը թույլատրել է Ռուսաստանից Հայաստան մտնող գազատարի վաճառքը

7or.am 07.07.10 Վրաստանի խորհրդարանը մտադիր է թույլատրել Ռուսաստանից Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազատարի (Հյուսիս-հարավ) վաճառքը, որով Ռուսաստանը գազ է մատակարարում Հայաստանին։ Ինչպես տեղեկացնում է «Civil Georgia»-ն, հուլիսի 6-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է գազատարը ռազմավարական օբյեկտների ցանկից հանելու մասին օրինագիծը։ Այսպիսով, ԱՄՆ-ի ֆինանսական օժանդակությամբ վերականգնված՝ Ռուսաստանն ու Հայաստանը կապող Հյուսիս-Հարավ գազամուղն, ամենայն հավանականությամբ, կսեփականաշնորհվի։ «Սկզբունքը շատ պարզ է. ցանկացած ձեռնարկություն մասնավոր հատվածն ավելի լավ է կառավարում, քան պետությունը»,-մինչ առաջին ընթերցմամբ օրենքի ընդունումը, հայտարարել էր Վրաստանի խորհրդարանի Իրավաբանական հանձնաժողովի նախագահ Պավլե Կուբլաշվիլին։ Նրա խոսքերով՝ նոր օրենքի ընդունումից հետո այն անմիջապես կմտնի ուժի մեջ։ Հայաստանը և Ռուսաստանը կապող Հյուսիս-Հարավ գազամուղի վաճառքի հարցը բարձրացվել է նաև 2005-2006թթ., երբ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ցանկություն էր հայտնել ձեռք բերել այն։ 2005թ. Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, թե գազամուղի վաճառքի շուրջ բանակցություններ են ընթանում։ Այդ հայտարարությունից հետո Վրաստանին ԱՄՆ-ը կոչ արեց զգուշավորություն ցուցաբերել այս հարցում՝ չմեծացնելով Թբիլիսիի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ Հարցը վերջնականապես օրակարգից դուրս եկավ, երբ ԱՄՆ-ի ֆինանսական օժանդակությամբ, այլ օբյեկտների հետ միասին, բարեկարգվեց նաև Հյուսիս-Հարավ գազամուղը։ Վրաստանի իշխանությունները չեն բացառում, որ համապատասխան օրենքի ընդունումից հետո գազամուղը կարող է վաճառվել։ Հարցին, թե ո՞ւմ կարող է վաճառվել գազատարը, Պավլե Կուբլաշվիլի պատասխանել է, որ այդ հարցը կլուծվի հետագայում։

No comments: