Saturday, July 31, 2010

Առանց բանակցություններին Արցախի մասնակցության՝ հակամարտության լուծումն անհնար է. Բակո Սահակյան

Tert.am. 30-7-2010- Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերջնական և համընդգրկուն կարգավորման ուղղությամբ էական առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին, վերականգնել լիարժեք ձևաչափը՝ Արցախի Հանրապետության՝ որպես բանակցությունների լիիրավ կողմի մասնակցությամբ։ Այս մասին ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը Interfax գործակալությանը տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ դրա համար անհրաժեշտ է ընդամենը հետևել ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի 1994թ. որոշմանը։ «Առանց մեր՝ որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմի մասնակցության՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը պարզապես անիրական է։ Դա ընդունում են նաև միջազգային միջնորդները, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Մենք մեր կողմից պատրաստ ենք Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների և ցանկացած հարցի քննարկման, ինչի մասին մշտապես հայտարարում ենք»,- ասել է Արցախի նախագահը՝ հավելելով, որ ղարաբաղյան կողմի կարծիքն անտեսել պարզապես անհնար է, չնայած նույնիսկ այն բանին, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով տեղի ունեցավ բանակցային գործընթացի ձևախեղում։ «Կարծում եմ՝ բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնումը ընդամենը ժամանակի հարց է»,- ասել է Բակո Սահակյանը։ Նա նշել է, որ բանակցային գործընթացի ամենամեծ ձեռքբերումը խաղաղության պահպանումն է։ Բակո Սահակյանը նաև ասել է, որ չնայած արցախցիները շնորհակալ են Հայաստանին բանակցային գործընթացում Արցախի շահերը պաշտպանելու համար, սակայն առանց ԼՂՀ անմիջական մասնակցության ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը լուծելն անհնար է։

No comments: