Tuesday, July 6, 2010

Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում՚ համահայկական համաժողովն ավարտվեց բարձրացված հիմնախնդիրներին լուծումներ տալու վճռականությամբ

Հուլիսի 5-ը ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած ՙԱրեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում՚ համահայկական համաժողովի երրորդ եզրափակիչ օրն էր: ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանը, ի մի բերելով Սփյուռքի համայնքների բոլոր մասնագետների կարծիքները, նշեց, որ ճիշտ կլինի, եթե նախ տեղադրվեն ՀՀ սփյուռքի նախարարության կայքում եւ ՙՀայերն այսօր՚ էլեկտրոնային թերթում նորաստեղծ դասագրքերի էլեկտրոնային տարբերակները եւ ստանալ մասնագետների եւ աշակերտների կարծիքները: Հնարավոր է, որ լինեն թերացումներ եւ բացթողումներ, որոնք այդ ընթացքում կնկատվեն եւ կշտկվեն, ապա միայն կտպագվեն դասագրքերը: Պարոն Ավետիսյանն առաջարկեց ստեղծել համահայկական դասագրքեր եռաստիճան համակարգով` կրտսեր, միջին եւ ավագ դպրոցների համար, Հայաստանի եւ Սփյուռքի մասնագետների համատեղ ներուժով: ՙԲոլոր դեպքերում ելակետը պետք է լինի գրական եւ կենդանի արեւմտահայերենը եւ դասանյութն էլ մատուցվի թեմատիկ վարժությունների միջոցով՚, - հավելեց պրոֆեսորը: Վերջերս ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ Լատինական Ամերիկայի հայ համայնքներում ուսուցիչների վերապատրաստում անցկացրած դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեդիրյանը նշեց աշխատանքները համակարգող հանձնախմբի ստեղծման անհրաժեշտության մասին: Արեւմտահայերենի մեծանուն մասնագետ, բազմաթիվ բառարանների հեղինակ, դոկտոր, պրոֆեոսոր Ռուբեն Սաքապետոյանը դասագրքերի կազմության գործում կարեւորեց լեզվի բաժինների ճիշտ հերթականությունը: Պրոֆեսորը հավաստեց, թե ինչպիսի տաժանելի պայմաններում են Սփյուռքահայ մեր մասնագետները ստեղծել քիչ թե շատ ընդունելի դասագրքեր, սակայն նրանցից շատերի մեջ խախտված է հնչյունաբանության, բառագիտության, ձեւաբանության, խոսքի եւ շարահյուսության հերթականությանը, ինչն էլ խոչընդոտում է լեզվի ընկալմանն եւ յուրացմանը: Սիրիայից ժամանած արեւմտահայերենի վաստակավոր մասնագետ եւ ուսուցիչ, պատմա-բանասիրական գիտությունների թեկնածու Հակոբ Չոլակյանը, ներկայացնելով դասագրքեր կազմելու իր փորձը, շեշտեց բնագիտական եւ հումանիտար առարկաները տվյալ երկրի լեզվով դասավանդելուն զուգահեռ մայրենիով նույնպես այդ տերմինաբանությունը եւ բառաֆոնդը անցնելու անհրաժեշտությունը: Սփյուռքից ժամանած Դորա Սաքայանը, Հիլդա Գալֆայան-Փանոսյանը, Հովսեփ Նալբանդյանը, Գեղանի Էթիմեզյանը նշեցին, Հայաստանի անկախացումից հետո հնարավոր դարձավ նման համահայկական եւ կառուցողական համաժողով գումարել: Համաժողովի ավարտին փակման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց առաջին անգամ կողք-կողքի հավաքված արեւմտահայերենի մասնագետներին` նախարարության հրավերն ընդունելու եւ չափազանց կարգապահ մասնակցության համար: ՙՍփյուռքը հավերժ ներկայություն է Հայաստանում եւ իր խոսքը պետք է հնչի Հայրենիքում: Այո, այս դահլիճում մենք պետք է լսեինք բոլոր մտահոգությունները եւ տագնապները՚, - նշեց նախարար Հակոբյանը` տարբերակելով հիմնախնդիրները. ՙԱռաջինը ուսուցչի մասնագիտացման եւ վերապատրաստման խնդրիրն է, նրա աշխատավարձի հարցը, դասաժամերի ավելացման անհրաժեշտությունը մեկօրյա դպրոցներում եւ ի վերջո, Հայրենիք-Սփյուռք գործակցության ամենահնարավոր մերձեցումը, որը լավագույն դեղամիջոցը կլինի մայրենիի եւ ազգային մշակույթի պահպանման՚: Տիկին Հակոբյանը նշեց, որ ի տարբերություն այլ համաժողովների, այստեղ հավաքվել են Հայրենիքի եւ հայրենի մշակույթի բացառիկ նվիրյալներ եւ նրանցից յուրաքանչյուրը անգնահատելի գործ է անում իր համայնքում: ՙՀՀ սփյուռքի նախարարությունը Ձեզ հետ է եւ Ձեր կողքին, համաժողովին հնչած զեկույցների կողքին կհավաքվեն Սփյուռքի մնացյալ մասնագետների կարծիքները, ընդունելի կլինեն բոլոր կառուցողական առաջարկությունները, որոնք կհնչեն կազմվելիք մասնագիտական հանձնաժողովների քննարկումների ընթացքում: Համաժողովը մեր հսկայական գործի մեկնարկն է միայն եւ ես մաղթում եմ բոլորիս բեղմնավոր աշխատանք՚, -եզրափակեց նախարարը` խոսքը հանձնելով ՀՀ սփյուռքի նախարարության Հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության պետ եւ համաժողովի կազմակերպիչ Արման Եղիազարյանին` համաժողովի մասնակիցների հայտարարությունը եւ արդեն իսկ ձեւավորված աշխատանքային հանձնախմբի անդամների անուններն ընթերցելու համար:

No comments: