Saturday, July 31, 2010

«ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԵՆ ՆԱԵՎ ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

ՌԴ կառավարությունն է առաջարկում նախագահ Մեդվեդեւին «ԱԶԳ», 31-07-2010- Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն կստորագրեն, որով փոփոխություններ կմտցնեն Հայաստանում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ պայմանագրում: ՌԴ կառավարության կողմից ՌԴ նախագահին ուղղված առաջարկների մասին որոշումը տեղադրված է կառավարության կայքում: Այդ արձանագրության նախագծում մասնավորապես նշվում է. «Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազան, բացի Ռուսաստանի շահերը պաշտպանելու գործառույթ իրականացնելուց, ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովում է այդ հանրապետության անվտանգությունը»: Այդ նպատակներին հասնելու համար Ռուսաստանը աջակցում է Հայաստանին ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներով, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու գործում», ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը»`ասված է արձանագրության նախագծում: Փաստաթղթի համաձայն, «ռուսական ռազմաբազայի զինվորական կազմավորումների օգտագործումն իրականացվում է կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների, 1992թ. մայիսի 15-ին կնքված Հավաքական անվտանգության պայմանագրի, Բարեկամության պայմանագրի, 1997 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ կնքված համագործակցության եւ փոխօգնության պայմանագրի եւ կողմերի օրենսդրությունների հիման վրա»: Բացի այդ, նախագծում առաջարկվում է պայմանագրի 26-րդ հոդվածը ձեւակերպել հետեւյալ կերպ. «Պայմանագիրը գործում է 49 տարի եւ երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե կողմերից ոչ մեկը հերթական ժամկետը լրանալուց ոչ պակաս, քան 6 ամիս առաջ գրավոր կերպով չի տեղեկացնում պայմանագիրը դադարեցնելու իր մտադրության մասին»:

No comments: