Tuesday, July 20, 2010

Դինքի, Մահչուփյանի, Մութաֆյանի, Նիշանյանի անունները՝ «Բալյոզի» մեղադրական եզրակացությունում

Tert.am. 20-7-2010- Ստամբուլի դատարանն ընդունել է «Բալյոզ» («Մեծ մուրճ») հեղաշրջման նախագծի առնչությամբ պատրաստված մեղադրական եզրակացությունը: Թուրքական Radikal օրաթերթի փոխանցմամբ` 968 էջից բաղկացած մեղադրական եզրակացությունում նշվում է, որ «Բալյոզ» հեղաշրջման նախագիծը պատրաստվել է 2003թ. մարտի 5-7-ը Թուրքիայի 1-ին բանակային կորպուսի մասնաշենքում 196 բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած սեմինարի ընթացքում: Այն պետք է կյանքի կոչվեր հետևյալ հինգ փուլերով. 1. Հետախուզական գործունեություն. տեղեկատվության կուտակում և հավաքագրում: 2. Հեղաշրջման համար հողի նախապատրաստում. այդ նպատակով իրականացվելու էին Oraj («Օրաժ»), Suga («Սուգա»), Çarşaf («Չարշաֆ») և Sakal («Սաքալ») գործողության պլանները: Սրանցից բացի իրականացվելու էին նաև մի շարք այլ գործողություններ: 3. Ռազմական միջամտություն. արտակարգ իրավիճակի, իսկ այնուհետև ռազմական դրության հայտարարում: Ռազմական միջամտությամբ տապալվելու էր «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանությունը, և կարևոր պաշտոններում նշանակվելու էին Թուրքիայի Զինված ուժերի ներկայացուցիչները: 4. Ազգային համաձայնության կառավարության ձևավորում. երկրի ղեկավարումը հանձնվելու էր Ազգային համաձայնության կառավարությանը: Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարի պաշտոնում նշանակվելու էր զինվորական: 5. Ընտրություններ. այս փուլում նախատեսվում էր կազմակերպել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն Ստամբուլի դատարանի ընդունած մեղադրական եզրակացության` Թուրքիայում հեղաշրջում իրականացնելու համար անհրաժեշտ միջավայրի ձևավորման համար իրականացվելու էին հետևյալ գործողությունները. 1. Çarşaf («Չարշաֆ - Գլխաշոր»). 9 հոգուց բաղկացած անձնակազմը բջջային հեռախոսի միջոցով պայթյուն էր իրականացնելու Ֆաթիհ մզկիթում: 2. Sakal («Սաքալ - Մորուք»). Պայթյուն էր իրականացվելու Բեյազեթ մզկիթում ուրբաթօրյա աղոթքից 10 րոպե առաջ: 3. Oraj («Օրաժ»). Էգեյան ծովի շրջանում միջազգային ճգնաժամ ստեղծելու համար նախատեսվում էր նույնիսկ դիտավորյալ կործանել թուրքական ռազմական ինքնաթիռ: 4. Suga («Սուգա»). Էգեյան ծովի շրջանում իրականացվելիք զորավարժությունների միջոցով մեծացնել լարվածությունը թուրք-հունական հարաբերություններում: Բացի վերը նշվածից իրականացվելու էին նաև Orak («Օրաք – Մանգաղ»), Tırpan («Թըրփան - Գերանդի»), Urgan («Ուրգան - Ճոպան»), Testere («Թեսթերե - Սղոց»), Döküm («Դոքյում – Ձուլում»), Yumruk («Յումրուք - Բռունցք»), Kürek («Քյուրեք - Բահ») և Sakal («Սաքալ - Մորուք») գործողությունները: Այս գործողությունների թիրախներն էին դառնալու Թուրքիայում լույս տեսնող հայկական մամուլը, առաջադեմ լրագրողներն ու մտավորականները, ազգային փոքրամասնությունների հոգևոր առաջնորդներն ու ազդեցիկ դեմքերը, ինչպես նաև` գործարարները: Այսպես` Orak («Օրաք Մանգաղ») գործողության թիրախներ էին ընտրվել «Ակօս» շաբաթաթերթի 2007թ. սպանված խմբագրապետ Հրանտ Դինքը, «Ակօս»-ի ներկայիս գլխավոր խմբագիր Էթյեն Մահչուփյանը, հայտնի լեզվաբան, «Թարաֆ» օրաթերթի հոդվածագիր Սևան Նիշանյանը: Testere («Թեսթերե - Սղոց») և Yumruk («Յումրուք - Բռունցք») գործողությունների թիրախներն էին հայտնի լրագրողներ Մեհմեդ Ալթանը, Ալի Բայրամօղլուն, Մեհմեդ Բառլասը, Թահա Աքյոլը, Նազլը Ըլըջաքաը, Ահմեթ Թաշգեթիրենը, Ալի Բուլաչը, Աբդուրահման Դիլիփաքը և Ֆեհմի Քորուն: Sakal («Սաքալ - Մորուք») գործողության թիրախներին էին Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, հունաց Բարդուղիմեոս տիեզերական պատրիարքը և Վատիկանի նախկին ներկայացուցիչ Ջորջ Մարովիչը: Ըստ մեղադրական եզրակացության` 196 կասկածյալ զինվորականների շարքում գլխավոր մեղադրյալներն են Թուրքիայի առաջին բանակային կորպուսի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանը, ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, պաշտոնաթող ծովակալ Օզդեն Օրնեթը, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ Իբրահիմ Ֆըրթընան և առաջին բանակային կորպուսի պաշտոնաթող գեներալ Էրգին Սայգունը: «Բալյոզի» գործով անցնող կասկածյալները հիմնականում մեղադրվում են «Թուրքիայի Հանրապետության իշխանությունը ուժով տապալելու փորձի» և «զինված խմբավորմանն անդամակցելու» համար: Հիշեցնենք, որ «Բայլոզի» շրջանակում ձերբակալությունների առաջին ալիքը տեղի էր ունեցել այս տարվա փետրվարի 22–ին, որի ընթացքում ձերբակալվել էին 49 բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ պաշտոնաթող գեներալներ և ծովակալներ:

No comments: