Saturday, July 31, 2010

«Ազգ». Ղարաբաղը եւս կարող է անցնել սպառնալիքների լեզվին

«Ի՜նչ արժեն ադրբեջանական սպառնալիքները հենց Ադրբեջանի ժողովրդի համար: Բռնապետական այդ երկրում արգելում են սեփական իշխանությունների անձեռնհասության մասին հրապարակավ արտահայտվել, եւ այն, ինչ մատուցում է ադրբեջանական մամուլը, ընդամենը պալատական մամլիչի տակից դուրս եկած քարոզչական պրոդուկտ է: Մինչդեռ Ադրբեջանում էլ երեւի կա գիտակից մի զանգված, որն ավելի պրագմատիկ վերաբերմունք ունի իրականության հանդեպ: Եվ դա առավելապես այն զանգվածն է, որն ուղղակի առնչություն է ունեցել անցյալ պատերազմին ու շոշափելիորեն զգացել ղարաբաղցու բազկի ուժը: Այդպիսիք հազիվ թե ցանկանում են նոր հարվածներ ընդունել սեփական մարմնին, քանզի եթե կրկին պատերազմ ծագի, հենց իրենք են լինելու դրա դառը պտուղները քաղողը: Բայց դա, իհարկե, ադրբեջանցիների խնդիրն է: Ադրբեջանի մշտական սպառնալիքներից ձանձրացած Ղարաբաղը եւս կարող է անցնել սպառնալիքների լեզվին: Ունենք հակառակորդի հսկողության տակ գտնվող տարածքներ` ի դեմս Շահումյանի, Գետաշենի ու բռնազավթված մյուս բնակավայրերի, որոնց վերադարձման խնդիրը Ղարաբաղի համար նույնպես գերակա շահ է: Ղարաբաղա-ադրբեջանական առճակատման ներկա վիճակը, երբ ամեն օր փոխհրաձգություններ են լինում սահմանի ամբողջ երկայնքով, այլ կերպ չես բնորոշի, քան` պատերազմական: Եվ եթե պատերազմը շարունակվում է` բանակցային ի՜նչ արդյունավետության մասին կարող է խոսք լինել: Նախ հարկավոր է հաստատել իրական հրադադար»,-կարդում ենք պարբերականի հուլիսի 31-ի համարում:

No comments: