Saturday, July 31, 2010

ՆԱՏՕ ԽՎ-ն հավանաբար կքննարկի ԼՂ հարցը. զեկույց չի ընդունվի

Tert.am. 31-7-2010- ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը հավանաբար չի հրաժարվի ղարաբաղյան խնդրի քննարկումից։ «Չեմ կարծում, որ Վեհաժողովի քաղաքական ղեկավարությունը կհրաժարվի պարզապես այն պատճառով, որ դա ինչ-որ մեկին դուր չի գալիս։ Գոյություն ունի Վեհաժողովի քաղաքական պարտավորություն՝ այդ հարցում ձեռնարկել որոշակի քայլեր»,- Trend-ին ասել են ՆԱՏՕ ԽՎ-ի մամուլի գրասենյակում։ Նոյեմբերին Վարշավայում ծրագրված է ՆԱՏՕ ԽՎ-ի հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձևի ընդունում։ՆԱՏՕ ԽՎ-ից հայտնել են նաև, որ Լեռնային Ղարաբաղի հարցով զեկույց հրապարակելու ծրագրեր չկան։ Սակայն նախատեսվում է Վարշավայի հանդիպման արդյունքներով համատեղ բանաձև ընդունել։ ՆԱՏՕ ԽՎ-ում ասել են նաև, որ բանաձևը պարտադիր ուժ չունեցող քաղաքական հանձնարարական է՝ հիմնված Վեհաժողովի անդամների աշխատանքի վրա։«Բանաձևը տարբերվում է զեկույցից, որը կոչված է հետաքննել որևէ հարց և տեղեկացնել մարդկանց այս կամ այն իրադրության մասին։ Բանաձևը ընդամենը Խորհրդարանական վեհաժողովի անդամների կարծիքն է կոնկրետ իրավիճակում անհրաժեշտ գործողությունների մասին»,- ասել են ԽՎ-ում։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ էր գրել ՆԱՏՕ ԽՎ նախագահին՝ կոչ անելով հրաժարվել ղարաբաղյան հարցի քննարկումից, քանի որ, մասնավորապես, այդ հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և առանց նրանց հետ խորհրդակցելու ճիշտ չէ նման քայլի դիմել։ ՆԱՏՕ ԽՎ-ում այս առնչությամբ ասել են, որ Մինսկի խմբի հետ խորհրդակցություններ պարբերաբար անցկացվում են և նման վերջին հանդիպումը կայացել է մարտին Երևանում։Ըստ ԽՎ-ի՝ Վեհաժողովը իրավասու չէ միջամտել գոյություն ունեցող և միջազգայնորեն ճանաչված բանակցային գործընթացին. Վեհաժողովի ընտրությունը մինսկյան գործընթացին աջակցելն է։

No comments: