Saturday, July 17, 2010

Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցում է ՀՀՇ համագումարին

Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀՇ տասնվեցերորդ համագումարը, որին ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը ներկայացավ որպես հյուր և ուշացումով։ ՀՀ հիմնը և ՀՀՇ հիմնը հնչելուց հետո դահլիճ մտան ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ու Արարատ Զուրաբյանը, ապա նաև Արամ Զ. Սարգսյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որին դահլիճը դիմավորեց բուռն ծափահարություններով և «Լևոն-Լևոն» վանկարկումներով։ Ի դեպ, Արարատ Զուրաբյանը արագ լքեց դահլիճը` խոստանալով լրագրողների հետ շփվել համագումարից հետո: Համագումարին, ինչպես հայտարարեց ՀՀՇ անդամ Արամ Մանուկյանը, 687 պատվիրակներից ներկա են 620-ը: Հրանտ Բագրատյանը բացման խոսքում հույս հայտնեց, որ ՀՀՇ-ն կկարողանա վերստին ստանձնել կարևոր դերակատարություն ՀՀ կյանքում: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն իր հերթին նշեց. «Տասներկու տարի լինելով ընդդիմության շարքերում՝ ՀՀՇ-ն կարողացավ պահպանել իր կենսունակությունն ու շարքերը, ինչը նշանակում է, որ նրանք ՀՀՇ-ին անդամագրվել են գաղափարական հենքի վրա»: Սարգսյանը նաև դժգոհեց իշխանություններից՝ նշելով, որ այսօր վտանգի տակ է հայոց պետականությունը: «Նրանց չի ներվելու ոչ մարտի մեկը, ոչ քաղբանտարկյալները»,- հայտարարեց Սարգսյանը: Ինչպես նախապես հայտարարվել էր, ՀՀՇ համագումարին մասնակցում են ՀԱԿ ներկայացուցիչներ և ոչ ոք իշխանությունից: ՀՀՇ համագումարում ելույթ է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա հայտարարել է, որ առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, զարգացման, ժողովրդագրական հեռանկար չունի: Նրա խոսքով, հարցերի հարցը դեմոգրաֆիան է: Ներկայիս ստատուս քվոյից կառչելը նշանակում է արտագաղթ Հայաստանից ու Ղարաբաղից: Ուժը չի կորցրել իմ այն պնդումը, որ փոխզիջման այլընտրանքը պատերազմն է: Հիմա խաղաղ կարգավորման դիվանագիտական վերջին ջանքերն են գործադրվում: Վերջին, բայց դա չի կարող երկար շարունակվել, ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

No comments: