Saturday, July 17, 2010

Վրացական իշխանությունները խստացնում են ջավախքահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը

(Ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի հայտարարությունը) 15 հուլիսի 2010թ, Ռուսթավի քաղաքի N6 քրեակատարողական հիմնարկ 2010թ. հուլիսի 5-ին Վրաստանի Գերագույն դատարանը որոշում ընդունեց, որով հրաժարվեց իմ հոր՝ Ռուբեն Չախալյանի, կրտսեր եղբոր՝ Արմեն Չախալյանի և իմ գործն ընդունել վարույթ՝ թողնելով մեր նկատմամբ կայացված դատավճիռներն անփոփոխ: Այս որոշումը սպասելի էր. գերագույն դատարանը, ինչպես մինչ այդ՝ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանները, հլու հնազանդ ենթարկվեց վրացական իշխանությունների կամքին՝ ոտնահարելով արդար դատավարության տարրական սկզբունքները: Դատարանի այս որոշումը համահունչ է ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվա-կրթական, կրոնական և մշակութային իրավունքների ոտնահարման վրացական իշխանությունների քաղաքականությանը վերջին շրջանում նոր թափ հաղորդելու միտումներին. -Քաղաքական և տնտեսական ճնշման են ենթարկվում, ոստիկանության հսկողության տակ են գտնվում Ջավախքում գործող հայկական հասարակական-քաղաքական կազմակերպությունների ակտիվ անդամները, ազգային գործիչները, հայ ակտիվիստներին ստիպում են հեռանալ երկրից. -Նոր դրսևորումներ է ստանում Վրաստանի հայաբնակ շրջանների (Սամցխե-Ջավախք-Ծալկա) էթնո-ժողովրդագրական պատկերի փոփոխման վրացական իշխանությունների ավանդական քաղաքականությունը. վերսկսվել է աջարների Ջավախք վերաբնակեցման գործընթացը, -Վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայկական դպրոցների վրացականացման գործընթացի արագացման ուղղությամբ, աշխատանքից են ազատվում իշխանություններին անցանկալի հայ ուսուցիչները, -Նոր անուններով է համալրվում ջավախքահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչների Վրաստան մուտքն արգելող «սև ցուցակը»: Առկա իրավիճակից միջազգային հանրության հետզհետե աճող մտահոգությանը իշխանությունները պատասխանում են ապատեղեկատվություն տարածելով և կտրականապես ժխտելով հայ բնակչության նկատմամբ խտրականության փաստերը: Այս պայմաններում ջավախքահայության շրջանում հետզհետե ուժեղանում են դժգոհության, օտարվածության, հիասթափության և անտարբերության տրամադրությունները: Դրա վերջին և ամենավառ վկայությունը մայիսի 30-ի Վրաստանի ՏԻՄ ընտրությունների ջավախքահայության կողմից փաստացի բոյկոտն էր, ինչը վրացական իշխանություններին ստիպեց կեղծել Ջավախքում դրանց արդյունքները՝ «նկարելով» 75-78% մասնակցություն և ստեղծելով իշխող կուսակցության օգտին քվեարկած «մեռյալ հոգիների» ստվար բանակ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ես վերահաստատում եմ իմ և իմ ընտանիքի անդամների նկատմամբ արդարության վերականգնման համար միջազգային բոլոր ատյաններում պայքարելու վճռականությունը: Մնում եմ այն համոզման, որ բանտերի ու հալածանքների միջոցով ջավախքահայության բողոքը լռեցնելու միտված բոլոր քայլերը չեն հասնելու իրենց նպատակին: Մեր պայքարը հանգեցնելու է նրան, որ վրացական իշխանությունները վաղ թե ուշ ստիպված են լինելու ենթարկվել առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու հրամայականին: Երկխոսության դաշտ ստեղծելու համար վրացական իշխանությունները առաջին հերթին պարտավոր են վերջ տալ ճնշումների, սպառնալիքների ու բռնությունների լեզվով ջավախքահայության հետ խոսելու իրենց քաղաքականությանը և մասնավորապես` -Դադարեցնել ջավախքահայ հասարակական- քաղաքական գործիչների հետապնդումները, -Բեկանել իմ հոր, կրտսեր եղբոր և իմ նկատմամբ ընդունված անարդար դատավճիռները, փոխհատուցել այս անօրինական գործընթացների հետևանքով առաջացած բոլոր վնասները, -Թույլ տալ վերադառնալ հալածանքների արդյունքում երկրից հեռացած բոլոր հայ ակտիվիստներին, -Կատարել իմ ձերբակալությանը նախորդած դեպքերի արդար եւ անկողմնակալ հետաքննություն, -Վերացնել Վրաստան մուտք գործելու վրա արգելք դրված հայ գործիչների «սև ցուցակը»: Ջավախքահայությանը հուզող քաղաքական, քաղաքացիական, լեզվա-կրթական, կրոնական եւ մշակութային խնդիրներին պետք է տրվեն ազգային փոքրամասնության պաշտպանության գործող միջազգային նորմերի տառից և ոգուց բխող լուծումներ: Վրաստանի հայաբնակ շրջանների էթնո-ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխմանն ուղղված բոլոր ծրագրերը պետք է կասեցվեն: Միջազգային կառույցները պարտավոր են հստակ կեցվածք որդեգրել հայ բնակչության նկատմամբ վրացական իշխանությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականության անհանդուրժելիության վերաբերյալ: Երկակի չափանիշները, անորոշ և լղոզված քայլերը միմիայն ավելի են խորացնելու խնդիրները, մեծացնելու են անկայունությունը և անկանխատեսելի զարգացումների հավանականությունը:

No comments: