Tuesday, July 20, 2010

Վանի առեւտրային պալատի նախագահը քննադատել է Կարսի նահանգապետի հակահայ հայտարարությունը

News.am. 20-7-2010- Թուրքիայի Վանի նահանգի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն խիստ քննադատության է ենթարկել Կարսի նահանգապետ Ահմեդ Քարայի՝ հակահայկական հայտարարությունը։ Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Զահիր Քանդաշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիայի հանրապետության ստեղծումից ի վեր, 87 տարի Թուրքիայի արեւելյան շրջանը զարգացվածությամբ hետ է մնացել։ «Մենք առավոտից երեկո աշխատում ենք, որպեսզի զարգացնենք տնտեսությունը, աշխատում են օտարերկրյա կապիտալը ներգրավել մեր տարածաշրջան, իսկ մեր այս ջանքերին հակառակ, Կարսի նահանգապետը հայկական հարցի հետ կապված իր հայտարարությամբ մեզ խոր հիասթափություն պատճառեց»-նշել է Զահիր Քանդաշօղլուն։ Վանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահn իր խոսքում նշել է, թե իր Երեւան կատարած այցի, թե Բեռլինում մասնակցած համաժողովի ընթացքում հայաստանցիներից ոչ մեկը Կարսի նահանգապետի նշած պահանջները օրակարգ չի բերել՝ ավելացնելով, թե Կարսի նահանգապետը չէ, որ պատմաբանի առաքելություն պետք է իրականացնի։ «Մեր կարծիքով, սեպտեմբերի 19-ի Ախթամարի Ս. Խաչ եկեղեցու բացումից առաջ Կարսի նահանգապետի նման հայտարարությունը մտածված է»-ավելացրել է Քանդաշօղլուն։ Նա նաեւ նշել է. «Մենք` որպես Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի անդամներ, սխալ ենք համարում Կարսի նահանգապետ Ահմեդ Քարայի՝ « Հայերն են մեզ կոտորել, ոչ թե մենք` նրանց» արտահայտությունը, եւ սխալ ենք համարում նահանգապետի՝ նման քննարկումների մեջ մտնելը։ Մենք այս պահին մեր ամբողջ էներգիան պետք է ծախսենք Հայաստանի հետ սահմանների բացմանը, հարեւանների հետ արտահանման եւ ներմուծման կազմակերպմանը, եւ տարածաշրջանի բարգավաճման ապահովմանը։ Եւ Կարսի նահանգապետից այս համատեքստում ենք աջակցություն սպասում»-ամփոփել է իր խոսքը Զահիր Քանդաշօղլուն։ Նշենք, որ մեկ ամիս առաջ Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի 40 անդամներ այցելել էին Երեւան, որ ընթացքում մասնակցել են Երեւանում կազմակերպված միջազգային տուրիզմի ցուցահանդեսի, եւ Երեւանի առեւտրա-արդյունաբերական պալատի հետ կնքել համագործակցության հուշագիր։

No comments: