Saturday, July 31, 2010

ԱՐՑԱԽԸ «ՈՉ» Է ԱՍՈՒՄ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ` ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՍԿԶԲՈՒՆՔԻՆ

«ԱԶԳ», 31-07-2010- Փոխզիջման իմաստը հենց փոխադարձության մեջ է, եթե որեւէ երկու կողմ միմյանց փոխզիջումներ են անում, ապա տրամաբանորեն` զիջելուց բացի, նաեւ ստանում են: Ըստ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի , որը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս» գործակալությանը, Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում ԼՂՀ պատկերացրած փոխզիջումը «Խաղաղությունՙ խաղաղության դիմաց» սկզբունքն է: ԼՂՀ նախագահը ընդգծել է, որ «Խաղաղությունՙ տարածքների դիմաց» սկզբունքը ոչ միայն անընդունելի է ղարաբաղյան կողմի համար, այլեւ կարող է տարածաշրջանում առաջացնել անկանխատեսելի հետեւանքներ. «Հակամարտության վերջնական լուծման համար պետք է վերացնել դրա պատճառը, ոչ թե հետեւանքները: Հակառակ պարագայում այն կարող է կրկնվել, կարող է առաջանալ էլ ավելի մեծ ինտենսիվությամբ,- նշել է Բակո Սահակյանը շեշտելով,- զիջումները պետք է փոխադարձ լինեն, որը մեր պատկերացմամբ հետեւյալն է` խաղաղություն` խաղաղության դիմաց»: ԼՂՀ նախագահը նաեւ նշել է, որ չի կարող որեւէ խոսք լինել 1988-ի իրավիճակին վերադառնալու մասին. «Կարգավիճակի խնդիրն ու անվտանգության հարցերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման առանցքային գծերից են», եզրափակել է Արցախի նախագահը:

No comments: