Thursday, July 29, 2010

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ

«Լրագիր» 29-7-2010- Հայաստանում սկսել են խոսել նոր քաղաքական ուժի ստեղծման մասին: Դա նոր երեւույթ չէ: Այդ մասին պարբերաբար խոսում են, նույնիսկ կան դեպքեր, երբ ստեղծվել են կուսակցություն ստեղծելու նախաձեռնող խմբեր: Դեպքեր կան նույնիսկ, որ այդ խմբերը կուսակցություն էլ են ստեղծել, որը սակայն շատ կարճ կյանք է ունեցել: Օրինակ, բոլորս թերեւս հիշում ենք նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի “Նոր երկիր” կուսակցությունը, որը ստեղծվեց, բայց շատ արագ էլ վերացավ: Մի կուսակցություն էլ փորձում էր ստեղծել ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը` “Միավորում հանուն Հայաստանի”: Ասում էին նույնիսկ, որ դա իրականում Աղվան Հովսեփյանի մտահղացումն է, իսկ Վահրամ Բաղդասարյանն ընդամենը կատարողն է: Բայց այդ կուսակցությունը նույնիսկ չստեղծվեց էլ, որ վերանա: Համեմատաբար մի քիչ երկար կյանք ունեցավ Սամվել Բաբայանի “Դաշինքը”, բայց ի վերջո դրա կյանքն էլ ընդհատվեց: Հիմա նոր կուսակցության ստեղծման մասին են խոսակցություններ տարածվում: Ասում են նույնիսկ, որ հիմնադիր համագումարի օրն է նշանակված` հոկտեմբերի 16: Գալուստ Սահակյանն էլ ասում է, որ իշխանությունը չունի նոր կուսակցություն ստեղծելու կարիք, իսկ ով էլ ստեղծվում է, քաղաքական ուժ չէ, այլ նախընտրական շտաբ, քանի որ քաղաքական ուժ լինելու համար փորձություն պիտի անցնել ու փորձառություն ձեռք բերել: Մյուս կողմից էլ, սակայն, հարց է առաջանում, թե եթե իշխանությունն այդպիսի կարիք ունեցավ, արդյոք անպայման պիտի գնար ու Գալուստ Սահակյանին զեկուցեր իր այդ կարիքի մասին: Հազիվ թե: Էնպես որ, Գալուստ Սահակյանը միգուցե գիտի ոչ ամբողջ ճշմարտությունը, կամ ոչ մի բան էլ չգիտի, այլ ուղղակի մտածում է, թե որ ՀՀԿ-ն կա, էլ ուրիշ կուսակցությունն իշխանության ինչին է պետք` կան ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, նույնիսկ ՀՅԴ: Դրանից ավելի էլ ի՞նչ: Կան ու պետք է թողնել, իսկ Ժառանգությանը թողնելու մասին էլ մտածել, եթե աջ ու ձախ կռիվ չանի բոլորի հետ: Դա է առաջարկում Գալուստ Սահակյանը, ասելով, թե կարծում է, որ գալիք խորհրդարանի ընտրությանը ներկայիս խորհրդարանական ուժերը կպահպանեն իրենց դիրքերը: Մենակ Ժառանգությունն է Սահակյանին մի փոքր անհանգստացնում, որ բոլորի հետ կռիվ է անում: Իսկ ահա Հայ Ազգային կոնգրեսը կռիվ կարծես թե հիմա այդքան էլ շատ չի անում, հատկապես իշխանության քաղաքականության դեմ, բայց Գալուստ Սահակյանը չի ցանկանում, որ Կոնգրեսին տեղ տան խորհրդարանում: Ասում է, որ ՀՀՇ-ն եթե միայնակ գնա, տեղ կունենա, իսկ Կոնգրեսը` ոչ: Փորձություններով անցած փորձառու է Գալուստ Սահակյանը երեւի, ու լավ գիտե, որ ՀՀՇ-ի հետ կարելի է պայմանավորվել, իսկ Կոգրեսի հետ շատ դժվար կլինի, որովհետեւ այնտեղ էլի ուրիշներ կան: Ի վերջո, Գալուստ Սահակյանը իր կուսակցությամբ հանդերձ մի անգամ արդեն իսկ պայմանավորվել էր ՀՀՇ-ի հետ, 1995 թվականի ընտրությանը անդամակցելով “Հանրապետություն” բլոկին: Բայց մինչ Գալուստ Սահակյանը տեսում է ու կանխատեսում, քաղաքական կյանքը գուցե գնում է իր հունով եւ թելադրում իրենը, ինչով էլ թելադրվում է թերեւս նոր կուսակցություն ստեղծելու մասին խոսակցությունը: Ասում են, թե ծուխ չի լինում առանց կրակ: Իսկ եթե կրակ կա, ապա թերեւս իշխանության մոտ, որովհետեւ Հայաստանում արդեն վաղուց ի վեր եթե կուսակցություն ստեղծվում է, ապա իշխանական նախաձեռնությամբ կամ հավանությամբ: Իսկ իշխանության ինչի՞ն է պետք նոր կուսակցությունը, եթե այդքանն ունի: Երեւի թե իշխանությունը կարծում է, որ ունեցածը իրենը չէ: Դե ով լիներ իշխանության փոխարեն, ասենք Սերժ Սարգսյանի փոխարեն, ու այդպես չմտածեր: Չէ՞ որ ով ով, բայց Սերժ Սարգսյանն ինքն ամենից լավ գիտե, թե ինչպես անհրաժեշտ պահին թանկ կամ էժան, բայց քաղաքական տոնավաճառից ձեռք բերեց այդ կուսակցություններին: Ով ով, բայց նա երեւի թե ամենից լավ գիտե, որ դրանց “լիկվիդայնությունը” բավական բարձր է, ու մեկ էլ տեսար մեկ ուրիշը տարավ իր քթի տակից: Իսկ նրանք “նաղդ գնացող” են: Ուրեմն պետք է մտածել սեփական կուսակցություններ ստեղծելու մասին, որոնք չեն վաճառվի, այլ կլինեն իրենը: Համ էլ “ձեռքբերովի” կուսակցությունները զգաստ կլինեն, կհասկանան, որ Սերժ Սարգսյանը միայն իրենց հույսին չէ: Գուցե վերջին շրջանում նրանցից շատերը հենց այդպես էլ սկսել էին մտածել, ու նոր կուսակցության ստեղծման մասին խոսակցության շրջանառումը գուցե նրանց կստիպի մտածել հակառակի մասին: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: