Thursday, July 29, 2010

Սենատը մերժո՞ւմ է Բրայզայի թեկնածությունը

Tert.am. 29-7-2010- Օգոստոսի 3-ին ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դեմոկրատ սենատոր Ջոն Քերիի նախագահությամբ տեղի է ունենալու աշխատանքային հանդիպում տարբեր երկրներում նշանակվելիք ԱՄՆ դեսպանների թեկնածուների հետ: Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնական կայքը, տեղեկացնում են, որ դեսպանների 25 թեկնածուների շարքում բացակայում է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի անունը:Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել էր Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանի` Մեթյու Բրայզայի թեկնածության հարցը։ Քննարկումների ժամանակ ի թիվս այլ հարցերի Բրայզան ստիպված է եղել նաև բավական անհարմար հարցերի պատասխանել։ Սենատորներ Բարբարա Բոքսերը և Ռոբերտ Մենենդեսը քննարկումների ժամանակ Բրայզայի առջև բարձրացրել էին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացրած մտահոգությունները՝ այն, որ Մեթյու Բրայզան շատ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի քաղաքական գործիչների հետ ու միակողմանի դիրքորոշում՝ ի վնաս Հայաստանի, այն որ Բրայզայի թուրք կնոջ կողմից Վաշինգտոնում ղեկավարվող Hudson հաստատությունը ֆինանսական հատկացումներ է ստացել Ադրբեջանի հետ համագործակցող նավթային ընկերություններից, ինչը թույլ չի տալիս ամերիկացի դիվանագետի անկողմնակալությունը, այն որ Ստամբուլում Զեյնո Բարանի և Բրայզայի ամուսնության հանդեսը ֆինանսավորել է Ադրբեջանի ֆինանսների նախկին նախարարը:

No comments: