Thursday, July 29, 2010

ՄԻԹԵ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՌԱՆՑ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ

«Լրագիր» 29-9-2010- Այսօր տեղի կունենա խաղաղ պայմաններում զոհված հայկական բանակի լեյտենանտ Արտակ Նազարյանի հոգեհանգստի արարողությունը: Նրան հրաժեշտ տալու կգան հազարավոր մարդիկ: Սոցիալական ցանցերում արդեն կոչեր կան գալ հոգեհանգստին և պարզապես կանգնել որպես բողոքի նշան այն բանի, ինչ տեղի է ունենում հայկական բանակում: Բանակի թեման փակերի շարքին է դասվում Հայաստանում: Խնդիրը միայն բանակի բնականորեն փակ լինելը և տեղեկատվության հասանելիության բացակայությունը չէ: Եվ նույնիսկ ոչ էլ “ինքնագրաքննությունը”: Խնդիրն այն է, որ հենց բանակը և դրա բարքերից տուժած մարդիկ փորձում են այդ մասին բարձրաձայն չխոսել: Մեկը վախենում է համակարգի վրեժից, մյուսը չի ցանկանում խոսել սեփական ստորացումից, իսկ որոշներն էլ չարանում են եւ վրեժխնդիր են լինում ուրիշներին նվաստացնելով: Բանակից հետո շատերն են հպարտությամբ նշում, որ հենց այնտեղ են տղամարդ դառնում, դա կյանքի իսկական դպրոց է և այլն: Բոլորն ասում են, որ ցանկացած տղամարդ պարտավոր է իրականացնել պարտքը և անցնել բանակի փորձությունը: Միթե չի կարելի կատարել պարտքը նորմալ մարդկային պայմաններում: Ո՞վ է ասել, որ բանակում պարտադիր պետք է ստորացնել, սպանել զինվորի մեջ սեփական ես-ը: Արդյոք ստորանալու և ստորացնելու ունակությունը կարող է բերել հայրենասիրության: Այդ մասին երբևէ հարկ կլինի խոսել: Ստորացումը Հայաստանում, և ոչ միայն բանակում, ցավոք, հանցագործություն չի հանդիսանում: Ոչ ոք դատարան չի դիմում և փոխհատուցում չի պահանջում ստորացման, արժանապատվությունը վիրավորելու համար: Չէ որ մարդը ավելի հեշտ ֆիզիկական ցավն է տանում, քան ստորացումը: Հայկական բանակում նման իրավիճակը փոխանցվել է խորհրդային բանակից, որը կառուցված էր նվաստացման սկզբունքի վրա: Խորհրդային բանակում թնդանոթի միս էին պատրաստում, ում առանց խղճի խայթի կարելի էր կռվի նետել: Բանակին կերակրել են որդնած մսով, հագցրել են ոչ հարմարավետ սապոգ, ստիպել են անիմաստ գործողություններ կատարել: Ռուսական բանակում դեռևս պահպանվել են սալդաֆոնի օրենքները, որոնք արդարացվում են կարգապահության պահպանման անհրաժեշտությամբ և բանակային օրենքներով: Եվ քչերն են նկատում, որ բազմամյա ավելորդ խստությունները, կոպիտ նվաստացուցիչ օրենքները չգիտես ինչու չեն բերում կարգապահության, մարտունակության բարձրացմանը և ռազմական հաղթանակների: Ընդհակառակը, դրանք հանգեցնում են բանակից զանգվածային խուսափելուն, հատկապես նրանց, ովքեր կարող են, ցանկանում են ծառայել հայրենիքին, սակայն չեն ցանկանում նվստացած լինել: Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում պոկվել ռուսական բանակի ժառանգությունից, և նույնիսկ չի էլ ցանկանում: Չնայած նրան, որ մտցվում է ՆԱՏՕ-ական համազգեստ, դասընթացներ են անցկացվում արևմտյան օրինակով և ստանում ենք արևմտյան տեխնիկա: Ընդհակառակը, հետխորհրդային, ներկայում հայ սպաները ասում են, որ ՆԱՏՕ-ում նույպես դեդավշինա կա և այնտեղ նույնպես ուժասպառ են անում զինվորներին: Իսկ ստորացումնե՞րը: Բազմաթիվ ծնողներ, ովքեր իրենց որդիներին բանակ են ուղարկում, դա անում են կատարած պարտքի գիտակցությամբ: Նրանք գիտեն ինչպիսի բարքեր են իշխում բանակում, բայց գտնում են, որ ոչինչ հնարավոր չէ փոխել: Սակայն հնարավոր է: Եվ դա կախված է երկրի ղեկավարությունից, որը պետք է գիտակցված ընտրություն կատարի և հրաժարվի ռուսական անիմաստ խիստ վարժեցումից, դադարի զինվորներից թնդանոթի միս պատրաստել, և փոխարենը մարտիկներ դաստիարակի, ովքեր ունակ են գլխով մտածել: Սակայն ընտրությունը կատարված չէ: Դրա վկայությունն է հայկական ալիքներից մեկով ցուցադրվող “Բանակում” հեռուստասերիալը: Ֆիլմի գրեթե բոլոր հերոսները ներկայացված են որպես աննորմալներ, որոնց կարելի է միայն ստորացնել, ներկայացնելով դա հումորի տեսքով: Սակայն ամեն անգամ ներկա և ապագա զինվորների ծնողների սրտերն են կծկվում նման հումորից: Ոչ նվաստացմանը հայկական բանակում: Ոչ նվաստացմանը կյանքում: Հպարտ ժողովուրդը այդքան երկար չի կարող նվաստացման երթարկվել: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: