Saturday, July 3, 2010

Ի՞նչ կասի Քլինթոնը Երեւանին, Բաքվին ու Թբիլիսիին

News.am. 2-7-2010- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սկսել է իր 5-օրյա շրջագայությունը Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներ: Սպասվում է, որ այս այցելությունների շարքը ցույց կտա նախկին առաջին լեդիի դիվանագիտական հմտությունները: Այս մասին իր հոդվածում գրում է «Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբան Հիթեր Մայերը: ԱԴՐԲԵՋԱՆ Հուլիսի 3-ի երեկոյան Հիլարի Քլինթոնը կժամանի Ադրբեջան: Դա կլինի ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցելությունը 1992-ից ի վեր, երբ այդ երկիր էր այցելել Ջեյմս Բեյքերը: Այս այցելությունը կարելի է համարել որպես լրջագույն դիվանագիտական մարտահրավեր: Ադրբեջանը տարանցիկ երկիր է ամերիկյան զորքերի Աֆղանստան ուղարկելու ճանապարհին: Մի շարք տվյալներով, այդ մատակարարումների 25 տոկոսն անցնում է Ադրբեջանով: Երկարաժամկետ հեռանկարում, հաշվի առնելով այն փաստը, որ ղըրղզական «Մանաս» ռազմակայանի ճակատագիրն անհայտ է այդ երկրում քաղաքական ցնցումների պատճառով, Ադրբեջանը կարող է էլ ավելի կարեւոր գործընկեր դառնալ ԱՄՆ-ի համար: Այս փաստի օգտին է խոսում նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի վերջերս Բաքու կատարած այցը: Իր հերթին, Բաքուն ակնկալում է ԱՄՆ-ի օգնությունը ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Սակայն, ԱՄՆ-ը լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ միջնորդ, չի կարող այդ հարցում պաշտպանել Բաքվի դիրքորոշումները: Բացի այդ, Ադրբեջանը առանցքային խաղացող է տարածաշրջանի էներգետիկ քաղաքականության մեջ: ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում նվազի Ռուսաստանի գերիշխող դերը եւ «Նաբուկո» գազատարի կառուցումը կարող է դրան հասնելու միջոցներից մեկը լինել: Սակայն ԱՄՆ-ը բարդ հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ապրիլին Ալիեւը չմասնակցեց ԱՄՆ-ում միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովին: Դիվանագետների խոսքով, Վաշինգթոնում դժգոհ էին հայ-թուրքական գործընթացը խոչընդոտելու Ալիեւի ջանքերից: Վաշինգթոնում Ալիեւին չեն համարում ժողովրդավարական արժեքների հետեւորդ: Այդ երկրում դեռեւս արգելված է արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակումը, իսկ մնացած մամուլը դեռեւս գտնվում է հզոր ճնշման տակ: ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանում Քլինթոնը նախատեսում է հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Երեւանյան օրակարգում հիմնականը լինելու է ԼՂ հարցը՝ հատկապես նկատի ունենալով հունիսի 18-ին սահմանում գրանցված միջադեպը, երբ զոհվել էին 4 հայ զինծառայող: Կային ենթադրություններ, որ այդ միջադեպը նպատակ ուներ գրավել Վաշինգթոնի ուշադրությունը եւ ընդգծել խաղաղ բանակցությունների հարցում միջամտության անհրաժեշտությունը: Պետդեպարտամենտը չի հայտնել, թե ինչ է առաջարկելու Քլինթոնը Երեւանին՝ որպես օգնություն: Մյուս հիմնական թեման լինելու է հայ-թուրքական սառեցված գործընթացը: Այս հարցը անձամբ Քլինթոնի համար շատ կարեւոր է, քանի որ ինքն առանցքային դեր է խաղացել Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ: ՎՐԱՍՏԱՆ ԱՄՆ պետքարտուղարի վերջին կանգառը Վրաստանն է, որտեղ նա հանդիպելու է այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի, ինչպես նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Հավանական է, որ Վրաստանը կխնդրի ԱՄՆ-ին ուժեղացնել դիրքերը, որպեսզի Ռուսաստանը հետեւի Հարավային Օսիայում եւ Աբխազիայում հրադադարի համաձայնագրի դրույթներին: Նախորդ շաբաթ Օբամա-Մեդվեդեւ ջերմ հանդիպումից հետո Քլինթոնը ստիպված է լինելու համոզել Թբիլիսիին, որ ԱՄՆ-ը իրենց կողմից է, բայց այնպես, որ չհարուցի Մոսկվայի դժգոհությունը: Իր հերթին, Սահակաշվիլին հունիսի 29-ին հայտարարել է, որ Թբիլիսին «ամբողջությամբ պատրաստ է մանրամասն բանակցությունների Ռուսաստանի հետ, առանց որեւէ նախապայմանների»:

No comments: