Friday, July 30, 2010

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՆԱՏՕ-Ի ԽՎ-Ի ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԶԵՐԾ ՄՆԱԼ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒՑ

«ԱԶԳ», 30-07-2010- Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է հղել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում պատրաստվելիք Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հավանական զեկույցի առնչությամբ. «Անկեղծ ասած, զարմացած եմ, որ նման քայլը կարող էր տեղի ունենալ առանց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ համապատասխան խորհրդակցության», զարմանում է ԱԺ նախագահը` հիշեցնելով, որ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ է. «Մեր համոզմամբ, նկատի ունենալով բանակցությունների գաղտնիությունը, առանձնահատկությունները եւ զգայուն բնույթը, Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս կայացած նախաձեռնությունները, նույնիսկ բարի մտադրությամբ, բանակցային գործընթացը վտանգելու եւ միջնորդական ջանքերը խափանելու մեծ ներուժ ունեն: Հետեւաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված որեւիցե նախաձեռնություն ցուցաբերելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել Մինսկի խմբի համանախագահների հետ` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են», հորդորում է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահին: Այնուհետեւ Հ. Աբրահամյանը նամակում նկատում է, թե ԼՂ հիմնախնդիրը տարբեր միջազգային ատյաններում բարձրացնելու Ադրբեջանի փորձերը նպատակաուղղված են հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի սեփական ընկալման տարածմանը` անտեսելով համանախագահների հռչակած` հակամարտության կարգավորման հիմք հանդիսացող սկզբունքների ամբողջականությունը. «Հատկանշական է, որ համանախագահ երկրները դեմ քվեարկեցին 2008 թ. մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի առաջարկած բանաձեւին` պարզաբանելով, որ այն «ընտրողաբար քարոզում է (հակամարտության կարգավորման) միայն որոշակի սկզբունքներ` բացառելով մյուսները»: Հ. Աբրահամյանը նաեւ հիշեցնում է, որ ընդամենը մի քանի օր առաջ, հուլիսի 17-ին, Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը հանդես եկան հայտարարությամբ, որով վերահաստատեցին 2010 թ. հունիսի 26-ին Մուսկոկայում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարած հակամարտության կարգավորման սկզբունքներն ու տարրերը: Նրանք ընդգծեցին, որ նշված սկզբունքներն ու տարրերն ընկալվում են որպես մի ամբողջություն, եւ որեւէ փորձ` ուղղված որոշ տարրերին նախընտրություն տալուն ի հաշիվ մյուսների, անհնար կդարձնի խնդրի հավասարակշռված լուծումը. «Պատշաճ հարգանք տածելով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նման հարգարժան կառույցի հանդեպ, մենք, այնուամենայնիվ, մեր պարտքն ենք համարում հիշեցնել, որ ոչ հեռավոր անցյալում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի զեկույցը պատճառ է հանդիսացել ընտրողական վկայակոչումների, ոչ հիմնավորված մեկնաբանությունների եւ անպատեհ շահարկումների` ինչը, կարծում եմ, որեւէ կերպ չի նպաստել կարգավորման գործընթացին օժանդակող բարենպաստ միջավայրի ստեղծմանը: Ես որեւէ հիմք չեմ տեսնում, թե ինչու նոր նախաձեռնությունը պետք է հանգեցնի այլ արդյունքի: Իմ կարծիքով, այս ըմբռնումով են առաջնորդվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը եւ ՆԱՏՕ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր տարբեր առիթներով իրենց զորավոր աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձեռնարկվող ջանքերին եւ նշել, որ ՆԱՏՕ-ն ուղղակի ներգրավվածություն չունի այդ խնդրում եւ չի կարող իր սեփական դերակատարումն ունենալ միջնորդական գործընթացում: Հիմնվելով այս նկատառումների վրա, մեծարգո պարոն նախագահ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին հորդորում եւ առաջարկում եմ զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց», ավարտել է իր նամակը Հ. Աբրահամյանը:

No comments: