Thursday, July 29, 2010

Հովարդ Բերման. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Tert.am. 29-7-2010- Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի է ունեցել թուրքական արտաքին քաղաքականությանը նվիրված «Թուրքիայի նոր արտաքին քաղաքական ուղեգիծը և դրա ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա» խորագրով քննարկում: Ամերիկայի հայկական համագումարի (AAA) փոխանցմամբ` քննարկման մասնակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանությանն ու հայ-ԹՈՒՐՔԱԿԱՆ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրեդ Շերմանը, ընդգծելով, որ Թուրքիան պետք է հաշվի նստի իր անցյալի հետ և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայտարարել է. «Կարևոր է, որ Թուրքիան ճանաչի Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում` Առաջին աշխարհամարտի տարիներին, հայ ժողովրդի դեմ իրականացրած Ցեղասպանությունը: Վստահ եմ` թուրքերն իրենց անցյալի հետ հաշվի նստելուց հետո կհասկանան, որ իրենց և իրենց երեխաներին ազատել են հսկայական բարոյական բեռից»: Կոնգրեսական Ջիմ Կոստան նույնպես, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, մատնանշել է այդ իրողության վերաբերյալ հսկայածավալ փաստերի առկայությունը: Իսկ Գերմանական «Մարշալ» հիմնադրամի փորձագետ Յան Լեսերը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացն ինքնին կարևոր է և չպետք է այն շաղկապել այլ խնդիրներ հետ, ինչպիսին է, օրինակ, ղարաբաղյան հիմնախնդիրը: Կոնգրեսականներն ու քննարկման մասնակիցները քննարկել են նաև կիպրական հիմնախնդիրը, Թուրքիայում ազգային փոքրամասնություններին և խոսքի ազատությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Թուրքիայի` Իրանի, Իսրայելի և Պաղեստինի հետ կապված արտաքին քաղաքականությունը: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայության փոխանցմամբ` կոնգրեսականները ընդհանուր առմամբ քննադատել և մտահոգիչ են համարել Թուրքիայի` Իրանի և Մերձավոր Արևելքի առնչությամբ իրականացրած քաղաքականությունը: «Մենք քննարկում ենք Իրանին, Իսրայելին և Պաղեստին ուղղված Թուրքիայի քաղաքական ուղեգծում նկատվող մտահոգիչ փոփոխությունն ու դրա ազդեցությունները: Պետքարտուղարության ներկայացուցիչներից մեկը հայտարարել էր, որ «Թուրքիայի ուղեգծում և Միացյալ Նահագների հետ ռազմավարական համագործակցության թեմայում հարցականներ կան»: Ես նույնպես մտահոգություններ ունեմ այդ առնչությամբ»,- հայտարարել է Բերմանը: Անդրադառնալով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Անկարայի հարաբերություններին` Բերմանը հայտարարել է, որ թուրքական իշխանությունները պետք է հարգալից վերաբերվեն Միացյալ Նահագների կողմից կազմված «միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ցանկին»: Հովարդ Բերմանն Անկարայի կոչ է արել նաև ավելի շատ քայլեր ձեռնարկել կիպրական հիմնախնդրի կարգավորման առնչությամբ և հարգել խոսքի ազատությունը: Թուրքական իշխանություններին կոշտ քննադատության է ենթարկել նաև հանրապետական կոնգրեսական Իլեանա Ռոս-Լեհթինենը: Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը որակելով որպես «իսլամիստական կուսակցություն»` Ռոս-Լեհթինենը թուրքական իշխանություններին քննադատել է Իրանի դեմ պատժամիջոցներին դեմ քվեարկելու և Թեհրանի հետ առևտրային հարաբերություններ զարգացնելու համար: Իսկ Գազայի շրջափակման վերացմանն ուղղված թուրքական կողմի ջանքերը որակել է որպես սադրիչ քայլեր:

No comments: