Panorama.am. 6-7-2010- ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ Արա Նաջարյանին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այս մասին տեղեկացանք ԱԺ մամուլի վարչությունից:
Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարևոր է համարել, որ Սփյուռքում մեր հայրենակիցները զբաղեցնում են տարբեր պաշտոններ, այդ թվում` մունիցիպալ իշխանություններում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մտադիր է Հայաստանում նախաձեռնել սփյուռքահայ պատգամավորների և պաշտոնյաների հավաք, ինչը հնարավորություն կընձեռի, որ նրանք ծանոթանան իրենց պատմական հայրենիքին, կապ ստեղծեն միմյանց հետ, ճանաչեն իրար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գլենդեյլի քաղաքապետը ողջունել է ԱԺ նախագահի մտադրությունը և հայտնել նման հավաքին մասնակցելու իր պատրաստակամությունը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ իր արտերկրյա այցելությունների ժամանակ համոզվել է, որ մեր հայրենակիցները մեծ հարգանք են վայելում այդ երկրներում, միաժամանակ, չմոռանալով իրենց արմատները: ԱԺ նախագահը կարևոր է համարել նաև սփյուռքի մեր հայրենակիցների այցելությունները Հայաստան, որոնք նպաստում են հայրենիքն ավելի լավ ճանաչելուն, նրա մասին ավելի անաչառ տպավորություն կազմելուն, հայապահպանությանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:
Զրուցակիցներն ցանկալի են համարել Հայաստանի և Կալիֆորնիա նահանգի քաղաքների ու համայնքների միջև կապերի հաստատումն ու հետագա համագործակցությունը: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել էԳլենդելի հայերի կյանքով, քաղաքապետարանի գործունեությամբ և պատրաստակամություն հայտնել աջակցել ծրագրերի իրականացմանը:
Tuesday, July 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment