«Լրագիր» 31-7-2010- Երբ ընթացիկ տարվա հունիսի 18-ին տեղի ունեցավ Չայլուի ողբերգությունը, որտեղ հայկական դիրքերի մոտ հայտնված ադրբեջանցի դիվերսանտի զոհ դարձան հինգ հայ զինվորներ, իսկ մի քանիսն էլ վիրավորվեցին, առաջացավ հարցը, թե ինչպես է այդ ադրբեջանցին` կամ ադրբեջանցիները, անցել հայ-ադրբեջանական շփման գիծն ու հասել մեր դիրքեր: Նրանք սրիկա են, ստոր են, “ուխտադրուժ” են, բայց ինչպես են նրանք անցել շփման գիծն ու անարգել հասել դիրքեր, ուր փաստորեն պատրաստ չէին եղել այդ հարձակմանը:
Այդ իրողությունը ենթադրում է, որ ադրբեջանական ստորությունից եւ սրիկայութունից զատ, գոյություն ունի նաեւ հայկական անպատրաստության գործոնը, ինչն ամենայն հավանականությամբ առկա կարգապահական ցածր մակարդակի, անկազմակերպության, ամենաթողության հետեւանք է: Հետեւաբար խնդիրը, որ Չայլուում տեղի ունեցած ողբերգությունից հետո պետք է արվեին ներբանակային լրջագույն հետեւություններ, դառնում էր խիստ հրատապ: Անհրաժեշտ էր պարզել, թե ինչու է հայկական դիրքը եղել դիվերսիոն հարձակմանն անպատրաստ, ինչպես են դիվերսանտները կամ դիվերսանտը հատել շփման գիծն ու մինչեւ հայ զինծառայողների բլինդաժ հասնելը ինչու որեւէ մեկը տեղյակ չի եղել այդ վտանգի մասին:
Չայլույի ողբերգությունից մեկ ամիս ու տասն օր անց` հուլիսի 28-ին, տեղի ունեցավ մեկ այլ ողբերգություն, դարձյալ հայկական զինուժի բլինդաժում: Բայց այս անգամ արդեն ողբերգության մեջ ադրբեջանական դիվերսիա չկա: Կատարվածը պաշտոնապես որակվում է մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով ծագած միջադեպ, ինչի հետեւանքով եղել է 6 զոհ:
Դրանից կարելի է եզրակացնել, որ Չայլույի ողբերգությունից հետո չեն արվել համապատասխան հետեւություններ: Եթե դրանք արվեին, ապա հազիվ թե դրանից մեկ ամիս ու մի քիչ էլ ավել անց տեղի ունենար հերթական ողբերգությունը, այս անգամ արդեն առանց ադրբեջանական միջամտության: Չայլուի ողբերգությունից հետո Հայաստանի բանակում, այն էլ սահմանային դիրքերին մոտ զորամասերում, պիտի բացառվեր կարգապահական որեւէ խախտում, մինչդեռ անցնում է մեկ ամիս ու տասը օր եւ տեղի է ունենում հերթական ողբերգությունը, որի պատճառն արդեն պաշտոնապես համարվում է կարգապահական կանոնների խախտումը:
Saturday, July 31, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment