Saturday, July 17, 2010

Իրանի դերը տարածաշրջանային խնդիրներում չի կարող անտեսվել

Report.am. 17-7-2010- Հայաստանը հավատում է, որ Իրանն անկողմնակալ դիրքորոշում ունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը: Նրա խոսքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Իրանի դերը տարածաշրջանային խնդիրներում չի կարող անտեսվել: Դիվանագետը հիշեցրել է, որ Իրանը մասնակցություն է ունեցել բանակցային գործընթացին 1922 թվականին և զինադադարի առաջին պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել Իրանի միջնորդությամբ: Առաքելյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները շնորհակալ են հիմնախնդրի նկատմամբ Իրանի ցուցաբերած դիրքորոշման համար և հավատում են, որ Իրանի ազդեցությունը կարևոր է տարածաշրջանային հարցերը լուծելիս: Դեսպանը տեղեկացրել է նաև, որ մեր երկրի իշխանություններն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին հրավիրել են Հայաստան: Հիշեցնենք, որ Իրանի նախագահը 2007 թվականի հոկտեմբերի 22-ին պատասխան այց էր կատարել մեր երկիր (2006թ. հուլիսին Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանն աշխատանքային այցով Թեհրանում էր)։ «Հայ և իրանցի ժողովուրդները բարեկամական հարաբերությունների վաղեմի պատմություն ունեն, ինչը թույլ է տալիս խուսափել օտարացումից երկկողմ հարաբերություններում»,- այցի ընթացքում հայտարարել էր Ահմադինեժադը։ Ահմադինեժադի Հայաստան այցը անսպասելիորեն ընդհատվեց, պաշտոնական հաղորդագրության համաձայն` Իրանի ներքին գործերի պատճառով: Այդ պատճառով Իրանի նախագահի Հայաստան այցի օրակարգից դուրս մնացին 1915 թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթող՝ Ծիծեռնակաբերդ, Երևանի Կապույտ մզկիթ այցելությունները, ինչպես նաև Ահմադինեժադի ելույթը Հայաստանի Ազգային Ժողովում։

No comments: