Saturday, July 17, 2010

Անկարան պատրվակ է փնտրում Հայաստանի հետ սահմանը բացելու համար. թուրքական մամուլ

Tert.am. 17-7-2010- Թուրքիան պատրվակ է փնտրում Հայաստանի հետ սահմանը բացելու համար, իսկ տվյալ դեպքում այդ պատրվակը ՆԱՏՕ-ի` սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացվելիք զորավարժանքներն են: Այս մասին գրում է թուրքական Yeni Çağ («Ենի Չաղ») պարբերականը` քննադատելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի որդեգրած քաղաքական ուղեգիծը և այն որակելով որպես «ձախողված արտաքին քաղաքականություն»: «Արտգործնախարար Ահմեթ Դվութօղլուն Հայաստանի, Իսրայելի և Իրանի առնչությամբ սկզբում հայտարարում էր, թե «սկզբունքներ ունենք», սակայն շատ չանցած մեկը մյուսի ետևից իջեցրեց առագաստները: Հայաստանի հետ ստորագրված Արձանագրությունները կյանքի կոչելու համար որպես նախապայման առաջ էր քաշում ղարաբաղյան հիմնախնդիրը, իսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնից ստացավ «Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է» մեսիջը, սկսեց ակտիվ աշխատանքներ իրականացնել Հայաստանի հետ սահմանը բացելու ուղղությամբ: Եվ այսօր Կարսի սահմանը բացելու համար պատրվակ է բերում ՆԱՏՕ-ի զորավարժությունը»,- գրում է թուրքական պարբերականը` ավելացնելով, որ Թուրքիան հետքայլ է արել նաև Իսրայելի և Իրանի հարցերում: «Իրանի հետ միջուկային վառելիքի փոխանակման մասին համաձայնագրի ստորագրման հարցում ակտիվ միջնորդական առաքելություն ստանձնած Դավութօղլուն լիովին աջակցում էր Թեհրանին և դեմ հանդես եկավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևի ընդունմանը: Սակայն օրեր առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հեռախոսազրույցում Դավութօղլուն ստացավ «խաղից դուրս արի» մեսիջը: Իսկ ավելի ուշ Radikal օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Թուրքիան հետևելու է ՄԱԿ-ի` Իրանի դեմ ընդունված պատժամիջոցներին»,- գրում է Yeni Çağ-ը: «Իսկ ինչ վերաբերում է Իսրայելի կողմից «Մավի Մարմարա» նավի վրա իրականացված հարձակմանը, որի հետևանքով զոհվել էր 9 թուրք, Դավութօղլուն նախ հանդես եկավ կոշտ քննադատությամբ` հայտարարելով, որ եթե Թել Ավիվը ներողություն չխնդրի, ապա նրա հետ հարաբերությունները խզվելու են: Իսկ ավելի ուշ Դավութօղլուն գաղտնի հանդիպում ունեցավ Իսրայելի արդյունաբերության, առևտրի և զբաղվածության նախարար Բենիամին Բեն Էլիզերի հետ»։

No comments: