Monday, July 19, 2010

Թուրքիան փչացրեց իր գործը Հարավային Կովկասում. Քաղաքագետ

Tert.am. 19-7-2010- «Թուրքիան իր գործը փչացրեց Հարավային Կովկասում», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։ Քաղաքագետն ընդգծեց, որ վերջին երեք ամսում Թուրքիայի դերը նվազեց տարածաշրջանում, կանգ առավ Ռուսաստան–Թուրքիա հարաբերությունների դինամիկան։ «Ռուսաստան–Թուրքիա հարաբերությունները բավական դինամիկ զարգանում էին, բայց վերջին շրջանում ես զգացի՝ դրանք կանգ առան։ Ինչո՞ւ. Թուրքիան չբացեց հայ–թուրքական սահմանը, չհաստատեց մեզ հետ դիվանագիտական հարաբերություններ, մտածեցին՝ դա չանենք, բայց ակտիվ մտնենք Հարավային Կովկասի գործերի մեջ։ Պարզ է, որ առանց Հայաստանի, եթե Հայաստանը չի ուզում, չես կարող մտնել»,– հայտարարեց Ստեփան Գրիգորյանը։ Ըստ քաղաքագետի, Թուրքիան, հետ կանգնելով հայ–թուրքական Արձանագրություններից, ցույց տվեց, որ ինքն այլևս տեղ չունի տարածաշրջանային գործընթացներում։ «Ալմաթայի հայտարարության այդ միտքը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂ կոնֆլիկտը պետք է իրար մեջ լուծեն, նաև Անկարային է ուղղված»,– ասաց նա՝ մեկնաբանելով, որ նման մոտեցման պատճառը Անկարայի հայտարարություններն են այն մասին, որ իրենք տարածաշրջանում պաշտպանում են Ադրբեջանի դիրքորոշումները։ Ստեփան Գրիգորյանը ճիշտ է համարում, որ ԵԱՀԿ արտգործնախարարներն ու Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ ընդգծված անուններ չեն նշում, թե ով որ հարցում է մեղավոր, բայց «իմ կարծիքով, տեքստը կարդալուց հետո այդքան էլ դժվար չէ հասկանալ, թե ում որ մասն է ուղղված»։

No comments: