Monday, July 19, 2010

Հայ հետախույզը տարիներ անց կրկին իրարանցում է առաջացրել Անկարայում

Tert.am. 19-7-2010- Օրեր առաջ գրեթե բոլոր թուրքական առաջատար լրատվամիջոցները, հղում կատարելով «Հայաստանի զրուցակից» պարբերականին, հաղորդեցին տարիներ առաջ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) ԽՍՀՄ գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) կողմից Անկարա գործուղված հայ հետախույզ Սմբատ Խոջոյանի ծավալած գործունեության մասին: Բանը հասավ նրան, որ այս տեղեկության իսկությունը ճշտելու համար կոնկրետ հարցադրում արվեց ԹԱՄԺ-ի նախագահ Մեհմեդ Ալի Շահինին: Թուրքական խորհրդարանում հնչած հարցին, թե «Հայկական թերթերից մեկի համաձայն` 1980-ականներից առաջ ազգությամբ հայ, ԽՍՀՄ-ի կողմից ուղարկված մի գործակալ թուրք խորհրդարանականներից մեկի մահվանից հետո հաջողացրել է թափանցել ԹԱՄԺ և ծավալել հետախուզական գործունեություն: Նման բանի մասին Դուք լսե՞լ եք», Շահինը պատասխանել է. «Ոչ չեմ լսել: Սակայն կասեմ` համոզիչ չի թվում այդ պնդումը: Այստեղ բոլորը միմյանց ճանաչում են: Մի՞թե հնարավոր է այդպիսի բան: Հնարավոր չէ»: Նշենք, որ «Հայաստանի զրուցակից» պարբերականի տեղեկության համաձայն` ԽՍՀՄ ռազմական հետախուզության աշխատակից, թուրքերենին գերազանց տիրապետող Սմբատ Խոջոյանը (ծնունդով Իջևանի շրջանի Աչաջուր գյուղից) տարիներ առաջ հատուկ առաջադրանքով գործուղվում է Անկարա: Բացառիկ նմանություն ունենալով Թուրքիայի այն ժամանակվա իշխող կուսակցության պատգամավորներից մեկին, նա կարողանում է թափանցել թուրքական խորհրդարան և այնտեղ երկար տարիներ ծավալել հետախուզական գործունեություն։ «Ժամանակին հայտնի քաղաքական գործիչ, Թուրքիայի պառլամենտի անդամ Մահմուդ Շովքեթի (անունը փոխված է) նմանակ, ԽՍՀՄ ռազմական հետախուզության կողմից գործուղված Սմբատ Խոջոյանը Թուրքիայի Մեջլիսում երկար տարիներ «փոխարինել» է թուրք պատգամավորին: … Խոջոյանը ստվերի պես հետապնդում էր Շովքեթին: Գիտեր նրա սովորությունները, ծխում էր նույն ծխախոտը, խմում նույն սուրճը, օգտվում նրա նախընտրած ճաշացանկից, նմանակում շարժուձևը: Երեկոները երբեմն թվում էր, թե հայելու միջից իրեն է նայում թուրք մեջլիսականը: Ճանաչում էր կնոջը, երեխային: Մորուքով կամ բեղերով քողարկված (նմանությունը ուշադրություն կգրավեր) փականագործի, ապակի գցողի անվան տակ բազմիցս եղել էր Շովքեթի բնակարանում: Ձայնագրում ու արտասանում էր Շովքեթի ելույթները: ...Քաղաքական այրերը ոչինչ չկռահեցին, Խոջոյան-Շովքեթը ելույթներ էր ունենում, լինում այնպիսի տեղերում, որտեղ օձն իր պորտով չէր կարող հասնել: Ըստ չճշտված աղբյուրների` Խոջոյան-Շովքեթը նույնիսկ մասնակցել էր հերթական պառլամենտական ընտրություններին և կրկին դարձել պատգամավոր: Սակայն սկզբում ամեն ինչ հարթ ու սահուն չի եղել: Շովքեթի դերում երկրորդ շաբաթվա ընթացքում կինը դիմակազերծում է Խոջոյանին: Ում-ում` կնոջը չես խաբի: Բայց ամեն ինչ կանխատեսված էր: Շովքեթի կինը` ի բարեբախտություն Սմբատ Խոջոյանի, եղեռնից մազապուրծ հայի թրքացած աղջիկ էր: Նա չմատնեց հետախույզին: Կինը սկսեց համագործակցել Սմբատի հետ: Տարիներ անց թուրքական հակահետախուզությունը որսաց Խոջոյանի հետքը: Կենտրոնը Եվրոպայով նրան երկրից դուրս բերելու երկու անհաջող փորձ արեց: Մեծ արկածներով Խոջոյանը անհետացավ տեսադաշտից: Հարգելով Շովքեթի հիշատակը և վախենալով խայտառակությունից՝ իշխանությունները Խոջոյանի նկարը, որպես լրտեսի, չփակցրին համապատասխան տեղերում»,– գրում է պարբերականը։

No comments: