Thursday, July 8, 2010

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ Է ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՔԼԻՆԹՈՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Դրա առնչությամբ Անկարայի մտահոգությունները Վաշինգտոնին է հայտնել արտգործնախարար Դավութօղլուն «ԱԶԳ» 08-07-2010- Հուլիսի 6-ին «Ազգը», լուսաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը Հայաստան, նշել էր դրա կարեւորությունը նաեւ Հարավային Կովկասի, Ռուսաստանի եւ տարածաշրջանի երկրների համար: Միաժամանակ կարծիք էր հայտնվել, որ Թուրքիան ուշիուշով հետեւում է այցելությանը: Անկարային առանձնապես մտահոգում էր պետքարտուղարիՙ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան այցելելու հավանականությունը: Երբ տիկին Քլինթոնը դեռեւս Բաքվում էր, «Հյուրիեթի» վկայությամբ, թուրքական դիվանագիտական շրջանակները կանխատեսել էին, որ նա Երեւանում թեեւ հուշահամալիր կայցելի, սակայն չի օգտագործի «ցեղասպանություն» բառը: Անկախ կանխատեսումներից, Բաքվում պետքարտուղարը եղավ շեհիդների ծառուղի կոչված վայրումՙ հարգանքի տուրք մատուցելու «սումգայիթյան մարդասպան հերոսներին»: Թերեւս դրանով էլ ակնհայտ դարձրեց, որ կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, քանի որ իբրեւ ԱՄՆ պետքարտուղարՙ «հավասարակաշռությունը» չխախտելու հարկադրանքի տակ է: Նրա հուշահամալիր այցելությունը, սակայն, գերազանցեց բոլոր ենթադրություններըՙ ներառյալ թուրքական շրջանակների կանխատեսումը: Եթե նրան Բավքում շեհիդների ծառուղի այցելելիս ուղեկցում էին պետական գործիչներ, Երեւանում նա Մեծ եղեռնի հուշահամալիր բարձրացավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ միայն: «Հյուրիեթը» հուլիսի 5-ի համարում «Քլինթոնը «Ցեղասպանության հուշարձան» է այցելում» վերնագիրը կրող հոդվածում հատուկ անդրադարձել է այս փաստին, ընդգծելով. «Ուշադրություն էր գրավում այն հանգամանքը, որ Քլինթոնի «Ցեղասպանության հուշարձան» այցելությանը ներկա չէր Երեւանի վարչակարգի ոչ մի ներկայացուցիչ»: Ինչո՞ւ, հարցին հստակ պատասխանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունը. «Պետքարտուղարը մասնավոր այցով եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրումՙ մատուցելով իր հարգանքի տուրքը 1,5 միլիոն հայերին, որ իրենց կյանքը կորցրեցին 1915 թվականին»: Այլ կերպ, Հայաստանի կառավարության որեւէ ներկայացուցիչ չի ուղեկցել Հիլարի Քլինթոնին, որպեսզի նրա Մեծ եղեռնի հուշահամալիր այցը չստանա պաշտոնական բնույթ, այլ մնա մասնավոր: Ավելին, նա հուշահամալիրում ոչ մի հայտարարություն չի արել, որ խուսափի «ցեղասպանություն» բառի արտասանումից: Ինչ վերաբերում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը, ապա նա էլ հաղորդագրությամբ Հայոց ցեղասպանությունն աղավաղելիս, միաժամանակ աղավաղել է նաեւ Ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալրի անունըՙ դարձնելով Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձանը «Ծիծեռնակաբերդի հուշահամալիր»: Ինչպես երեւում է, անսասան է Հայոց ցեղասպանությունը որպես ազդեցության լծակ Թուրքիայի դեմ օգտագործելու ամերիկացիների հետեւողականությունը: Այնուամենայնիվ, ո՛չ պետքարտուղարի զերծ մնալը «ցեղասպանություն» բառի արտասանումից, ո՛չ նրա հուշահամալիր այցի մասնավոր բնույթը, ո՛չ էլ ԱՄՆ-ի դեսպանության Հայոց ցեղասպանության հետ նաեւ Մեծ եղեռնի հուշահամալրի անունը աղավաղող հաղորդագրությունը ի զորու չեն եղել հովացնելու թուրքերի սիրտը, որ նրանք, ի դեմս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի, հակազդեցություն են ցուցաբերել Հիլարի Քլինթոնին: Դավութօղլուն, ինչպես նշում է Նյու Յորքի «թուրքական» կայքէջը, հուլիսի 6-ին հարցի առնչությամբ TGRT հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որը հաղորդել է նաեւ Ասոշիեյթեդ պրես գործակալությունը, նախ ընդգծել է, որ պետքարտուղարի այցը Հայոց ցեղասպանության հուշարձան մասնավոր էր, այցի ընթացքում նա որեւէ հայտարարություն չի արել, ապա եւ ավելացրել է. «Անկարան դրա հետ կապված իր մտահոգությունները հայտնեց Վաշինգտոնին»: «Թուրքական» կայքէջը հավելում է. «Որքան էլ պետքարտուղարը դռնփակ եւ ոչ պաշտոնական այց կատարի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, այնուամենայնիվ նրա դրած ծաղկեպսակի վրա գրված էրՙ «ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնից», որը առաջացրել է այցի պաշտոնական մակարդակի վերաբերյալ մի շարք հարցականներ»: Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: