Սույն թվականի հուլիսի 20-ից 25-ը Հայաստանի ազատագրված տարածքում տեղի ունեցավ «Սարդարապատ շարժման» նախաձեռնող խմբի և Արցախում գործող «Ավանդություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպած վրանային ճամբարումը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից, և արտերկրից ժամանած հյուրեր և երիտասարդներ։
Ճամբարումը տեղի ունեցավ Քաշաթաղի շրջանի Խաչինտափ բնակավայրի` Կիլիկիայի հայոց Հեթում թագավորի տոհմատան հարևանությամբ։ Վայրը խորհրդանշանական էր, քանի որ այն գտնվում էր Հայաստանի Հանրապետությունը և Արցախը միացնող տարածքում, վերաբնակեցված գյուղի հարևանությամբ անտառային բացատում։
Ճամբարի մասնակիցները ամենօրյա արշավների միջոցով ծանոթացան հայ զինվորի արյան գնով ազատագրված հայրենիքի մի մասին, հայրենի բնությանը, տեղաբնակներին, նրանց առօրեային և կենցաղին։
Հանգստի ժամերին երիտասարդների հետ Հայաստանի ներկայի, ապագայի, Հայոց պետականության, Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանների մասին զրույցներ վարեցին «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀԱՀԳԲ նախկին անդամ Ալեք Յենիգոմշյանը, Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի անդամ Արմենակ Աբրահամյանը, Քաշաթաղի շրջանի վարչակազմի առաջին ղեկավար (1993–2004թթ.), պատմաբան Ալեքսան Հակոբյանը, սիստեմային վերլուծաբան «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կրթություն» հ/կ նախագահ Գարեգին Չուքասզյանը, ՀՀ Գերագույն Խորհրդի առաջին գումարման պատգամավոր վերաբնակիչ, վերաբնակեցման մասնագետ Տիգրան Կյուրեղյանը, հայտնի տնտեսագետ, վաշինգտոնաբնակ Դավիթ Գրիգորյանը, արցախյան ազատագրական պայքարի ակունքներում կանգնած, ազգային գործիչ Վալերի Բալայանը, ազատամարտիկ, մշակույթի գործիչ, պարուսույց Գագիկ Գինոսյանը, բնապահպան Հրայր Սավզյանը: Ճամբարումին իրենց մասնակցությունը և օժանդակությունը բերեցին Արցախյան Ազատամարտի մասնակիցներ, հայտնի հրամանատարներ։
Վերջին օրը ճամբարումի մասնակիցները այցելեցին Արցախի խորհրդանիշը հանդիսացող «Մենք ենք մեր սարերը» հուշակոթող, Շուշի, Ղազանչեցոց եկեղեցի և Շուշիի հայտնի կիրճի մոտ տեղեկացվեցին 1992թ. Շուշիի ազատագրման գործողության մանրամասներին, որից հետո վերադարձան Երևան։
Ազատագրված տարածքում բնակվող մեր հայրենակիցները ճամբարի մասնակիցներին ընդունեցին մեծ խանդավառությամբ, քանզի կար ընդհանուր գործի գիտակցում, և որ այդ տարածքներում բնակվող հայ մարդը մոռացված և օտարված չէ հայ երիտասարդությունից։
Երիտասարդների ժամանցը, հանգիստը և արշավները տեղի էին ունենում արդեն իսկ հայ զինվորի արյունով սրբացված վայրերում, այլ ոչ սևաններում, ծաղկաձորներում և ջերմուկներում։
Միջոցառման կազմակերպիչները այս և նմանատիպ ճամբարումներ կազմակերպելով նպատակ են հետապնդում հայ մտավորական երիտասարդներին տալ որոշակի ֆիզիկական կոփվածություն, ամրացնել կամային որակները, ձևավորել հաղթած երկրի քաղաքացու հոգեբանություն, առաջացնել հայրենիքում և արտերկրում բնակվող երիտասարդ մեր հայրենակիցների մոտ ազատագրված տարածքներում բնակվելու և վերաբնակեցման ծրագրերին օժանդակելու ցանկություն և գիտակցություն, ինչը կարող է վերածվել պարտականության և յուրաքանչյուր հայ երիտասարդի համար պարտավորեցնող Հայրենիքին վտանգ սպառնելու դեպքում այն պաշտպանելը։
Միջոցառման կազմակերպիչները պատրաստվում են 2011 թվականին ևս նմանատիպ ճամբար և բանակում անցկացնել։
Sunday, August 1, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment