Saturday, August 14, 2010

ՀՅԴ-ական գործիչ. Գյուլի մեղադրանքները նպատակ ունեն վարկաբեկել Մինսկի խումբը

News.am. 14-8-2010- Թուրքիան պարբերաբար փորձում է միջամտել ԼՂ խնդրի կարգավորմանը եւ ազդել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը անցած 18 տարվա մեջ չի կարողացել կոնկրետ արդյունքի հասնել ԼՂ հակամարտության հարցում եւ այդ խմբի այցը տարածաշրջան «տուրիստական» բնույթ է կրում: Գյուլի այս հայտարարությունը Հրայր Կարապետյանը համարում է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունների շարունակությունը: «Ուղղակի Թուրքիան եւ Ադրբեջանը չեն ուզում ընդունել եւ խոստովանել, որ Մինսկի խմբի անհաջողությունների պատճառներից մեկն էլ ադրբեջանական կողմն է, որը միակողմանիորեն է վարում բանակցությունները: Այսինքն, Ադրբեջանը պահանջում է միակողմանի զիջումներ՝ առանց որոշակի պարտավորություններ ստանձնելու»,-նշեց Կարապետյանը: Նրա խոսքով՝ Մինսկի խումբը եղել է, կա եւ պետք է լինի ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող միակ միջազգային կառույցը: Իսկ Գյուլի մեղադրանքները նպատակ ունեն վարկաբեկել այդ կառույցի գործունեությունը եւ պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա: Պատգամավորն անդրադարձավ նաեւ Գյուլի այն մտքին, թե տարածաշրջանում նորմալ հարաբերություններ հաստատելու համար Հայաստանին առաջին հերթին անհրաժեշտ է լուծել ղարաբաղյան խնդիրը: «Ես կարծում եմ, որ Թուրքիան նախ պետք է իրենից կախված խնդիրների մասին մտածի, եւ հետո նոր երրորդ երկրի հետ կապված խնդիրների լուծման տարբերակներ առաջարկի: Լավ կլիներ, որ Թուրքիան մտածեր իր պատասխանատվության մասին եւ իրականացներ իրենից կախված քայլերը՝ վերացներ Հայաստանի շրջափակումը, բացեր հայ-թուրքական սահմանը եւ նոր խոսեր Ղարաբաղի մասին: Որովհետեւ բոլորին պարզ է, որ Անդրկովկասում բոլոր խնդիրները միանգամից չեն կարող լուծվել»: Խնդիրներից մեկն էլ, Կարապետյանի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է ու դիվանագիտական կապերի հաստատումը: Դաշնակցական գործիչը հավելեց նաեւ, որ թուրք-ադերբեջանական տանդեմն այսօր պատրաստ չէ գնալ ոչ ԼՂ խնդրի լուծման, եւ ոչ էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման:

No comments: