
Tert.am. 6-8-2010- Թերթը զրուցել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.
-Դուք կողմնակից եք այն տեսակետին, որ մինչև երկրի ներսում փոփոխություններ չլինեն, ԼՂ հարցին ձեռք տալ պետք չէ՞։
-Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի զարգացման համար ղարաբաղյան խնդիրը խոչընդոտ չէ։ Ընդհակառակը, ղարաբաղյան խնդիրը ոչ թե խոչընդոտ, այլ պիտի խթան հանդիսանար Հայաստանի զարգացման համար։ Ղարաբաղը այսօրվա փաստացի սահմաններով կցված է Հայաստանին, և այդ փաստը Հայաստանի զարգացման հնարավորությունները՝ ռազմաքաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական իմաստով մեծացնում են։
-Պարոն Սէֆիլյան, ՀՀՇ համագումարի ժամանակ առաջին նախագահը, սակայն, հարցին հակառակ կողմից մոտեցավ։ Նա, ինչպես հայտնի է, հայտարարեց, որ «առանց ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի»։ Ու չնայած այս տարակարծությանը, դուք շարունակում եք համագործակցել Կոնգրեսի հետ։
-Երբ Լևոն Տեր-Պետրոսյսսնը վերադարձավ մեծ քաղաքականություն, ու ձևավորվեց համաժողովրդական շարժումը, այն ունեցավ իր կարևոր ներդրումը, այն է՝ բազմահազար մարդիկ ոտքի ելան ոչ թե Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելու, այլ այս կեղեքող համակարգից ձերբազատվելու համար։ Այդ հազարավոր մարդիկ մեզ և ինձ անձնապես չեն կարող չհետաքրքրել, մենք չենք կարող անտարբեր լինել այդ մարդկանց նկատմամբ, ուստի այստեղ ինչ-որ լուրջ գաղափարական տարաձայնությունների դեպքում էլ մենք չենք մտածում, թե անպայման պետք է խզում լինի բոլոր իմաստներով։
Այդպես չէ։ Քանի դեռ Տեր-Պետրոսյանը անկեղծորեն փորձում է դիմադրել այս համակարգին, նույնիսկ մեզ համար անընդունելի մարտավարական ձևերը պիտի պատճառ չդառնան, որ մենք չհամագործակցենք։ Այն մարտավարության շուրջ, որը նա ընտրել է, և որին ես համամիտ չեմ, համագործակցություն տեղի չի ունենա։ Տեղի կունենա համագործակցություն այն գործում, որին մենք համամիտ ենք։ Իսկ մեծ հաշվով, այդ ռազմավարությունը կարելի է սահմանել հետևյալ կերպ՝ ըստ էության, մենք գտնվում ենք դիմադրական շարժման մեջ՝ այս համակարգից ձերբազատվելու և կերտելու համար մեր պատկերացրած Հայաստանը, իսկ դրա համար պետք է դիմադրել։
Համաժողովրդական շարժման շնորհիվ ձևավորված այդ հավաքականության, համախմբման մեջ ես, ըստ էության, ներուժ եմ տեսնում՝ դիմադրական շարժման հսկայական մի ուժ։ Ուստի իմ նմանները չեն կարող այդ դաշտից դուրս լինել։ Ինձ նաև պարբերաբար հարց են տալիս, որ եթե Տեր-Պետրոսյանն ասում է այսպես, իսկ դուք համամիտ չեք նրա հետ, ինչո՞ւ դուրս չեք գալիս։ Ես կարող եմ այդ հարցնողներին պատասխանել այսպես, իսկ ինչո՞ւ նույն հարցը Տեր-Պետրոսյանին չեք տալիս։ Ինչո՞ւ նա դուրս չի գալիս դաշտից։
No comments:
Post a Comment