Monday, August 16, 2010

Թուրքիայում սպանված հղի հայուհու մայրը դստեր դիակը չի տեսել. Դիակն արդեն թաղված է եղել

News.am. 16-82010- Թուրքիայում անհետ կորած եւ ըստ նախնական տեղեկությունների՝ սպանված ՀՀ քաղաքացի Աննա Դավթյանի մայրը՝ տիկին Կարինեն, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նոր մանրամասներ է հայտնել դստեր հետ տեղի ունեցածի մասին: Նա հաստատել է լուրն այն մասին, որ դստեր ենթադրյալ դիակը հայտնաբերվել է Տրապիզոնի շրջակայքի ջրանցքներից մեկում: Դիակը եղել է նեխած եւ այլակերպված: Այդ մասին նրան հայտնել է թուրքական ոստիկանությունը, նշելով, որ դիակը պատահաբար հայտնաբերել են ընկույզ հավաքողները՝ Աննայի կորելուց մոտ 10 օր անց: Տիկին Կարինեն պատմեց, որ դուստրը Թուրքիայի Անթալիա քաղաք էր մեկնել հանգստանալու: Նա նշեց, որ վերջին անգամ դստեր հետ խոսել է հուլիսի 17-ին: «Մենք անընդհատ զանգում էինք, կապի մեջ էինք, ինքն էլ էր զանգում: Վերջին անգամ որ զանգեց, ասաց՝ գալիս եմ, մի քանի ժամից տանը կլինեմ: Իսկ դրանից հետո…կապը ընդհատվեց»,-նշեց Աննայի մայրը: Տեսնելով, որ Աննան ուշանում է, տիկին Կարինեն մեկնում է Թուրքիա՝ դստերը փնտրելու: Թուրքիայում նրան է միանում նաեւ դստեր ամուսինը (նրա անունը տիկին Կարինեն այդպես էլ չասաց), ով բնակվում է Անգլիայում, եւ միասին սկսում են փնտրել Աննային: Տիկին Կարինեն պատմեց, որ դստեր դիակն անձամբ չի տեսել, ինչպես հայտնել էին որոշ լրատվամիջոցներ, այլ տեսել է միայն դիակի լուսանկարները: Իսկ լուսանկարում պատկերված են եղել միայն դիակի ձեռքերն ու ոտքերը, իսկ դեմքը՝ ոչ: «Իմ տպավորությամբ, լուսանկարում պատկերված ձեռքերն ու ոտքերը նման էին աղջկաս ձեռքերին ու ոտքերին»,-ասաց նա: (Տիկին Կարինեն, ի դեպ, Թուրքիայից վերադառնալուց հետո հարեւաններին պատմել էր, որ հարյուր տոկոսով համոզված չէ, որ իր տեսած լուսանկարներում պատկերված է եղել դուստրը եւ հույս էր հայտնել, որ գուցե իր աղջիկը ողջ է): Ի դեպ, երբ Աննայի մայրը ցանկացել է տեսնել իր դստեր ենթադրյալ դիակը, նրան հայտնել են, որ այն արդեն թաղված է: Իսկ թե որտեղ՝ գաղտնի են պահել: Ինչ վերաբերում է ԴՆԹ-ի անալիզին, որի միջոցով պետք է տեղի ունենա դիակի նույնականացումը, տիկին Կարինեին հայտնել են, որ դիակից մասունքներ են վերցրել, որոնց հիման վրա էլ անցկացվելու է անալիզը: Թե ե՞րբ են հայտնի դառնալու անալիզի արդյունքները՝ տիկին Կարինեն տեղյակ չէր: «Անընդհատ զանգում եմ, որ իմանամ, բայց ստույգ բան չեն ասում»,-նշեց նա: (Սովորաբար նման անալիզների պատասխանները հայտնի են դառնում մեկուկես-երկու ամսում): Նա այլ մանրամասներ չհաղորդեց մեզ, քանի որ շատ հուզված էր եւ զրույցի ընթացքում արտասվում էր: Միայն նշեց, որ սեպտեմբերին պետք է թոռնիկ ունենար. պետք է ծնվեր Աննայի երեխան: Հեղինե Մանուկյան

No comments: