Wednesday, August 18, 2010

Հ. Դեմոյան. «Թուրքիայի վարքագիծն ԱՄՆ-ի համար մտահոգիչ է դառնում»

Panorama.am. 18-8-2010- «Առավոտ»-ը ներկայացրել է հարցազրույց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Թերթի այն հարցին, թե կարող է, արդյոք, Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների սրացումը և հայ-թուրքական արձանագրությունների տապալումը հանգեցնել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը` Հայկ Դեմոյանը պատասխանել է. «Չի բացառվում: Ամեն դեպքում, ԱՄՆ-ը հայկական գործոնն իր զինանոցից երբեք չի հանի, քանի որ դա լրացուցիչ և կարևոր լծակ է Թուրքիայի դեմ: Սակայն նշեմ, որ Թուրքիային ճնշելու համար ԱՄՆ-ն ունի բազմաթիվ այլ` առավել հզոր լծակներ: Սկսած թուրքական ապրանքատեսակների արտահանման քվոտաների կրճատումից, սպառազինության տրամադրման դադարեցումից, ավարտած Թուրքիայի առջև հին, բայց չհնացող հարցեր դնելով. օրինակ` կարող է վերաակտիվացվել պայմանականորեն ասած` Սևրի սինդրոմը: Եվ խոսքն այստեղ միայն Սևրի պայմանագրի մասին չէ: Այստեղ կարող է Թուրքիայի մասնատման խնդիր դրվել, քանի որ ԱՄՆ-ը թույլ չի տա, որ իր իսկ կողմից այդչափ հզորացված պետությունը դուրս գա իր ուղեծրից և փորձի հարել ԱՄՆ-ին հակադրվող քաղաքական ուժերի, մասնավորապես` Ռուսաստանին: Համենայն դեպս, Օբամա-Էրդողան վերջին հեռախոսազրույցի մանրամասների հրապարակումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի համար այլևս մտահոգիչ է դառնում Թուրքիայի վարքագիծը»:

No comments: