Հարգելի խմբագրություն, ինչպես հիշում եք, անկախության ձեռք բերման այն խառնաշփոթ օրերին, Հայաստանի պետական այրերը, առանց ժողովրդի ձայնը լսելու, զինանշանից դեն նետեցին Հայոց լեռնաշխարհի արքա Արարատ լեռան բնապատկերը, որ 70 տարի ի վեր մեզ կապում էր Արեւմտյան Հայաստանի հետ, Թուրքիային էլ ճնշում էր իր նախնիների կատարած բարբարոսության համար: Կարծում եմ, որ այդ քաոսային օրերին մենք ազգովի թույլ տվեցինք ոչ միայն հայրենապղծություն, այլեւ դիվանագիտական կոպիտ վրիպում, այն պարզ պատճառով, որ ինքներս, առանց կողմնակի ճնշման, հրաժարվեցինք Արարատ լեռան բնապատկերից: Նույնիսկ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը զինանշանի ընդունման հարցում ավելի հեռատես ու մտահոգված էր Արեւմտյան Հայաստանի մասով, քան մենք, որ անկախություն ձեռք բերեցինք, կենացներ ասեցինք, ուրախացանք եւ Մասիսն էլ ուրացանք:
Նույնիսկ Սահմանադրության մեջ առանց կաշկանդվելու նշեցին, որ «Հայաստանի զինանշանի կենտրոնում վահանի վրա պատկերված է Արարատ լեռը», ինչը, ցավոք, տեսողական խաբկանք է, ոչ թե իրականություն: Քանի որ ոչ մի իրեն հարգող հայորդի գործող զինանշանում չի կարող տեսնել Արարատ լեռան արքայական տեսքը:
Անշուշտ, Հայաստանի ներկայիս զինանշանը եւս գալիս է մեր պատմության խորքերից, գեղեցիկ է, գրավիչ, սակայն տեսողական առումով այն ոչ մի հայրենասիրական զգացմունք չի արթնացնում, ազգային ոգեշնչող տրամաբանություն չի ստեղծում, բովանդակությամբ էլ, ցավոք, ոչինչ չի հիշեցնում հայրենահալած հայ ժողովրդի ճակատագրական անցյալի մասին:
Այսօր Թուրքիան մի կողմից ձգտում է դիվանագիտական կապեր հաստատել Հայաստանի հետ, որպեսզի Եվրամիության անդամ դառնա, մյուս կողմից չարամտորեն խոչընդոտում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Սակայն որքան էլ նրանք խոչընդոտեն, միեւնույն է, արդյունքի չեն հասնի, քանի որ նրանք քաջատեղյակ են Սողոմոն Թեհլերյանի բեռլինյան դատավարության մասին, երբ վերջինիս դատապարտում էին որպես մարդասպանի, սակայն դատարանի դահլիճից ազատ արձակվեց որպես մեղադրող:
Իսկ Ծիծեռնակաբերդի Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը օտարները ընդունում են նաեւ որպես օսմանյան կայսրության պատմության ամոթանքի հուշարձան: Վերջապես Թուրքիան լավ էլ գիտակցում է, որ ագրեսիվ ժողովուրդ չի լինում, լինում է ագրեսիվ քաղաքականություն, որին, ցավոք, մենք արժանացանք ոչ թե թուրք ժողովրդի նախաձեռնությամբ, այլ օսմանյան կայսրության բարբարոս քաղաքականության պատճառով:
Այսօր Հայաստանում ստեղծված է հանձնաժողով, որպեսզի Ցեղասպանության 100¬ամյա տարելիցը պատշաճ կերպով անցկացվի, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այսօր ժամանակն է, որպեսզի Սփյուռքը եւս մտահոգված լինի զինանշանում Մասիսի վերադարձով, քանի որ նրա արքայական տեսքը զօրուգիշեր մեզ հիշեցնում է նահատակներին, որոնք իրենց հայրենիքի աշխարհագրական դիրքի զավթման պատճառով անմեղ զոհ գնացին եւ գերեզման էլ չունեցան հայրենի հողում:
Այսօր նոստրադամուսներ չկան որպեսզի գուշակեն, թե մեկ դար հետո ինչպիսի աշխարհագրական դիրք կունենանք թե՛ մենք, թե՛ թուրքերը, այնպես, որ եկեք միացյալ ուժերով ուղղենք մեր սխալը, վերականգնենք Արարատին իր արժանի տեղում, որպեսզի գալիք սերունդների հայրենասիրական զգացմունքները չսառեցնենեք:
Այս ամենից բացի, ճիշտ կլիներ, եթե Սփյուռքը աջակցություն ցուցաբերեր, որպեսզի Երեւանում տեղադրվեր մեր վաղեմի բարեկամ, ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի արձանը իր միջազգային չափանիշներին համապատասխան լիարժեք դիմաքանդակով: Մի մարդու, որն իր «Մուսա լեռան 40 օրը» էպիկական վեպով, գրեթե մեկ միլիոն տպաքանակով, աշխարհի 36 լեզուներով առաջինը արձագանքեց թուրքերի կատարած բարբարոսությանը եւ Հայոց կոտորածի ճշմարիտ պատմությունը ներկայացրեց համայն մարդկությանը:
Հույսով եւ հարգանքներոով՝
Էֆրիկ Ավետիսյան
Sunday, August 1, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment