Wednesday, August 18, 2010

Հայ կնոջ սպանության գործը կքննվի` առանց ՀՀ կողմի մասնակցության

Aysor.am. 17.08.2010- «Մենք դիվանագիտական հարաբերությունների մեջ չենք Թուրքիայի հետ, ուր մնաց իրավական մարմիններն առնչվեն այս գործին: Հետևաբար, մենք այս խնդրին առնչվում ենք այնքանով, որ դիմել ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` որևէ տեղեկություն ստանալու նպատակով: Պատասխանը դեռ չի եկել, միայն գիտենք, որ հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն»,- Aysor-ի հետ զրույցում` խոսելով Թուրքիայում Աննա Դավթյանի սպանության գործի բացահայտաման մասին, ասաց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը` հավելելով, որ նշանակված է փորձաքննություն, իսկ պատասխանները կլինեն ԴՆԹ-ի հետազոտության պատասխանը ստանալուց հետո: ԴՆԹ-ի հետազոտությունից հետո միայն երիտասարդ կնոջ մարմինը Հայաստան կտեղափոխվի, քանի որ Աննայի մարմինը անճանաչելի է: «Ամբողջ խնդիրը նրանում է, որ տվյալ երկրի հետ չունենալավ որևէ կարգի հարաբերություն` ո’չ իրավական, ո’չ դիվանագիտական, մենք գործի բացահայտմանը միջամտելու կամ առչնվելու հնարավորություն չունենք: Մեզ համար պաշտոնական հիմք կարող է հանդիսանալ միայն ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը»,- ասաց դատախազության ներկայացուցիչը: Տոնոյանի խոսքերով, եթե դեպքը լիներ որևէ այլ երկրում, բազմաթիվ գերատեսչություններ հանգիստ կարող էին մասնակցել քրեական գործի բացահայտմանը. «Կախված դեպքի կարևորությունից` հանգամանքներից, մասշտաբներից և հնչեղությունից` կարող էինք քննչական խումբ ուղարկել տվյալ պետություն` հանգամանքները պարզելու նպատակով»: Ինչ վերաբերում է տվյալ գործին, ապա Տոնոյանի խոսքերով, երկու ավարտ է սպասվում` կա’մ քրեական գործը կասեցվելու է` հանցագործի անձը չբացահայտելու պատճառով, կա’մ էլ ուղղակի բացահայտվելու է ու միանգամից փակված համարվի: Նա նշեց, որ պետք չէ կատարվածը քաղաքականացնել, «սա ընդամենը քրեական հանցագործություն է, որը կատարվել է Թուրքիայում»: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Թուրքիայում հայտնաբերվել էր Անկարայում անհետացած 29-ամյա Աննա Դավթյանի մարմինը՝ խոշտանգված վիճակում։ Նա վեց ամսական հղի էր։

No comments: