Wednesday, August 18, 2010

ԱԿՆԱՐԿ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՃՈ՞Վ

«Լրագիր» 18-8-2010- ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցի նախօրեին, բավական հետաքրքրական իրադարձություն տեղի ունեցավ եւ դրա հետ կապված բավական հետաքրքրական տեղեկատվություն տարածվեց ռուսական աղբյուրներից: Օգոստոսի 16-ին Մոսկվայում ձերբակալվել է Ռուսաստանում Ռումինիայի դեսպանության աշխատակից, Ռումինիայի հատուկ ծառայության պաշտոնակից Գաբրիել Գրեկուն: Նրան ձերբակալել են Ռումինիայի օգտին լրտեսելու համար եւ վտարել Ռուսաստանից: Հարց է առաջանում, թե դա ինչ կապ ունի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք այցի հետ: Առաջին հայացքից իսկապես չունի: Նույնիսկ երկրորդ, երրորդ հայացքները այդ կապը կարող են չնկատել, ու կապ պարզապես ընդհանրապես էլ գուցե չկա: Բայց շատ հետաքրքրական է, որ ռումինացի դիվանագետ-լրտեսի ձերբակալության մասին տեղեկատվությանը զուգահեռ տարածվեց տեղեկատվություն, որ ռումինացին 2005-2008 թվականներին աշխատել է Հայաստանում Ռումինիայի դեսպանատանը: Ավելին, նույնիսկ հիշատակվեց, թե ինչպես է նրա աշխույժ մասնակցության Երեւանում նախաձեռնվել եւ իրականացվել Մեծ Հայրենական պատերազմից հետո Հայաստանում զոհված ռումինացի ռազմագերիների հուշարձանի կառուցումն ու տեղադրումը: Ինչով է այդ ամենը հետաքրքրական ՌԴ նախագահ Մեդվեդեւի հայաստանյան այցի ֆոնին: Բանն այն է, որ ինչպես հայտնի է, Մեդվեդեւը Հայաստանում ստորագրելու է ռուսական ռազմակայանների մասին մի համաձայնագիր, որով Ռուսաստանը պաշտոնապես ստանձնում է Հայաստանի անվտանգությունն ապահովելու իրավասություն: Ու դրանից մի քանի օր առաջ ռուսները ձերբակալում են մի ռումինացի լրտեսի, եւ հետո նաեւ տեղեկացնում, որ այդ լրտեսը ամբողջ երեք տարի աշխատել է Հայաստանում եւ այստեղ նույնիսկ հաջողացրել է ռումինացի գերիների հուշարձաններ կառուցել տալ: Ինչ է ստացվում: Ստացվում է, որ ռուսները մեր անվտանգությունը պաշտպանելու հանձնառությունից առաջ մեր աչքն են խոթում իրենց դեմ լրտեսողին երեք տարի շարունակ “փայփայելու” հանգամանքը: “Այ ինչ վատն եք, ինչ երախտամոռ. Մենք գանք ձեր անվտանգությունն ապահովելու, իսկ դուք ձեր քթի տակ պահում էիք մեզ լրտեսելու պատրաստվող գործակալին, այ , այ, այ”: Թերեւս հենց մոտավորապես այդպիսի ակնարկ են անում Հայաստանին ռուսները, Հայաստանի անվտանգության երաշխավորի պաշտոնը ստանձնելուց առաջ: Ու հարց է առաջանում, թե քանի անգամ եւ երախտամոռության էլ ինչ այդօրինակ ակնարկներ են Հայաստանին ուղղելու արդեն երաշխավորի պաշտոնը ստանձնելուց հետո:

No comments: