Tuesday, August 17, 2010

Գյուլ. «Թուրքիան միշտ եղել է եւ կլինի Ադրբեջանի կողքին»

«Ադրբեջանը եւ Թուրքիան մեզ ազգ են, երկու պետություն», - երկուշաբթի օրը Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: «Ազատություն» 17-8-2010- «Մենք մեզ զգում ենք ինչպես տանը, միշտ այդ զգացողությունն է, երբ Ադրբեջան ենք ժամանում», - ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ Կասպից ծովի ափին կառուցված նախագահական նստավայրում կայացած հանդիպումից հետո ասել է Գյուլը: Նա համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը եւ Թուրքիան պետք է է'լ ավելի ակտիվացնեն հարաբերությունները, գործեն համերաշխության, եղբայրության եւ համագործակցության ոգով։ Գյուլը գովեստով է խոսել Թուրքիայում ադրբեջանցի գործարարների կատարած ներդրումների եւ Ադրբեջանում թուրքական ընկերությունների աշխատանքի մասին։ Ադրբեջանի նախագահը իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցին` ասելով, թե պաշտոնական Բաքուն բազմապատկելու է հակամարտության կարգավորմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական ջանքերը։ Ալիեւը համոզմունք է հայտնել, թե խնդիրը կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով։ Լեռնային Ղարաբաղի հարցին է անդրադարձել նաեւ Թուրքիայի նախագահը, ով նույնպես պնդել է, որ խնդրի լուծման հիմքում պետք է դրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Հավատում ենք, որ մոտ ապագայում կգտնվի լուծումը», - ասել է Գյուլը եւ նշել, թե միջազգային հանրությունը անցած 18 տարիների ընթացքում փաստորեն անուշադրության է մատնել ադրբեջանցի բազմաթիվ փախստականների ծանր ճակատագիրը։ «Հավատացնում եմ իմ բոլոր ադրբեջանցի եղբայրներին եւ քույրերին` Թուրքիան միշտ եղել է եւ կլինի Ադրբեջանի կողքին», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Նույն օրը Աբդուլա Գյուլը այցելել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի շիրիմին եւ «Շեհիդների ծառուղի», շրջել է Բաքվում։ Թուրքիայի նախագահի Ադրբեջան այցը երեքշաբթի օրը ավարտվում է։

No comments: