Tuesday, August 17, 2010

«ԱՐՑԱԽԻ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ»

Ասում է «Ազատ Արցախ» թերթի գլխավոր խմբագիրը «ԱԶԳ», 17-08-2010- «Ազատ Արցախ» հանրապետական թերթը Լեռնային Ղարաբաղում լույս է տեսնում 1923 թվականից: 87 տարիների ընթացքում թերթն անցել է տարբեր դժվարությունների միջով: Ղարաբաղյան պատերազմի տարիներին նույնիսկ դադարեցրել է աշխատանքը: Չնայած դժվարին ճանապարհին ու առկա խնդիրերին` «Ազատ Արցախը» շարունակում է լույս տեսնել: Թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանը նշում է, որ թերթը լուսաբանում է ինչպես պետական քաղաքականությունը, այնպես էլ սոցիալական, տնտեսական եւ հասարակական ոլորտներին առնչվող խնդիրները: «Արցախի ընթերցողին ամենից շատ հետաքրքրում է ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը, որին անդրադառնում է մասնավորապես «Խմբագրի սյունակ» հոդվածաշարը: «Ազատ Արցախը» հրատարակվում է Ստեփանակերտում, բայց ունի թղթակիցներ ԼՂՀ տարբեր շրջաններում, որոնք հետեւում են շրջանների կյանքին: Հայերեն լեզվով թերթը լույս է տեսնում շաբաթական 3 անգամ, իսկ ռուսերեն` մեկ անգամ: Միայն հայերենով տպաքանակը հասնում է 650-ի, երկու լեզվով միասին` 758-ի: Լեոնիդ Մարտիրոսյանն ասում է, որ ցածր տպաքանակի պատճառը տարածման խնդիրներն են. «Քաղաքի կրպաներում քիչ թե շատ վաճառվում է, մեր հիմնական խնդիրը շրջաններում է»: Գործակալությունները, որոնք տարածում են «Ազատ Արցախը», թերթը հասցնում են մինչեւ շրջկենտրոններ: «Գյուղեր տանել չեն կարողանում, որովհետեւ ճանապարհածախսն ավելի շատ է, քան թերթից ստացված եկամուտը: Ընդամենը 2-3 թերթ վաճառելու համար անիմաստ է հասնել գյուղերը», բացատրում է գլխավոր խմբագիրը: Լեռնային Ղարաբաղում «Ազատ Արցախը» վաճառվում է 70 դրամով, Հայաստանում` 100 դրամ: «Ամբողջ Հայաստանում մի բաժանորդ ունենք», ասում է Լ. Մարտիրոսյանը: Խմբագրությունը չունի իր սեփական տարածքը: «Մի քանի անգամ շենքից շենք ենք տեղափոխվել: Հիմա աշխատում ենք մի տարածքում, որը պատկանում է ԼՂՀ մշակույթի նախարարությանը», տեղեկացնում է խմբագիրը: «Ազատ Արցախին» կարող են թղթակցել նաեւ լրագրության բաժնում սովորող ուսանողները: «Տղա ուսանողներն ընդհանրապես չեն թղթակցում, աղջիկները երբեմն են թղթակցում», նշում է Լ. Մարտիրոսյանը: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում տղաներին այնքան էլ չի հետաքրքրում լրագրողի մասնագիտությունը` չնայած «Ազատ Արցախը» վատ չի վճարում լրագրողներին`յուրաքանչյուրին 65 հազար դրամ` չհաշված հոնորարները: «Ազատ Արցախը» ունի նաեւ էլեկտրոնային կայք` հայերեն, ռուսերեն ու անգլերեն` www. artsakhtert.com: ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Ստեփանակերտ-Երեւան

No comments: